Մի քանի կանայք Դիմաքսյանին տեսնելով, անմիջապես շշնջացին միմյանց ականջին։ Նա շփոթվեց, նա զղջաց անգամ յուր գալու մասին, բայց նրա սիրտը ակամա բաբախեց ուրախությունից։
Օրիորդ Կարինյանը նրան ներկայացրեց յուր հյուրերից մի քանիսին և հետո խնդրեց նրան տեսնել, թե արդյոք յուր աշակերտները հառաջադիմություն անո՞ւմ են։
Վերջապես, Դիմաքսյանը վստահացավ մոտենալ Գայանեին։
Նրանք սկսեցին խոսել մանկական պարտեզի մասին։ Դիմաքսյանը հետաքրքրվեց իմանալ, արդյոք Գայանեն մտադի՞ր է յուր զավակներին հանձնել պարտեզ։ Հայտնվեց, որ տիկինը հենց այս մտքով է եկել օրվա հանդեսին. նա կամենում է ծանոթանալ Կարինյանի կրթության եղանակին։
Կանանց շրջանում շշնջյունները և խորհրդավոր հայացքները սաստկացան։ Դիմաքսյանն այդ նկատեց և նորից շփոթվեց։ Նա համոզված էր, որ կանայք բամբասում են իրան և Գայանեին։ Ուստի հարմար վայրկյան գտնելով, վեր կացավ տիկնոջ մոտից և մոտեցավ բժիշկ Սալամբեկյանին։
— Լսի՛ր,— ասաց նա,— դու ինձ ուժով բերիր, բայց կարծեմ, ես ավելորդ եմ այստեղ։
— Ընդհակառակը, քո ներկայությունը այստեղ անհրաժեշտ է հենց քեզ համար։ Պահիր քեզ ազատ, բնական, վարվիր ամենքի հետ այնպես, ինչպես վարվել ես։ Հիմար ամբոխ...
Ինչ էին նշանակում այդ խոսքերը — Դիմաքսյանը չհասկացավ։ Եթե նա Սալամբեկյանին չճանաչեր ինչպես անկեղծ, անխարդախ ընկերոջ, կարող էր կարծել, որ բժիշկն ուզում է նրա հետ մի խաղ խաղալ։ Ինչևէ, նա մնաց դահլիճում: Բայց որքան նա դիտում էր յուր շուրջը, նույնքան համոզվում էր, որ ինչ-որ անհասկանալի, խորհրդավոր և անսովոր ուշադրության առարկա է ընդհանուրի համար։
Երեխաները անցան մյուս սենյակ։ Նրանց պետք է խաղալիքներ բաժանեին։ Օրիորդ Կարինյանը հյուրերին հրավիրեց այնտեղ։ Մի խումբ կանայք դանդաղեցրին իրենց քայլերը։ Նրանք շարունակ նայում էին Դիմաքսյանին։