Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակություն էր տալիս հասարակական կարծիքին, որ չէր կարող սառնարյուն վերաբերվել նույնիսկ դեպի մի պարզ զրպարտություն։ Երկար ժամանակ տատանվելուց հետո, մի օր նա վճռեց հայտնել յուր վրդովմունքը Գայանեին։ Հարցրեց, արդյոք նա գիտե՞ յուր մասին տարածված լուրը։

Այս անգամ Գայանեն չկարողացավ իրան զսպել և չխոսել։ Նա պատասխանեց, թե, այո՛, գիտե, որ իրան բամբասում են։ Այն սառնությունը, որով տվեց յուր պատասխանը, սպառեց Բարաթյանի համբերությունը, նա աոաջին անգամ բարձր ձայնով գոռաց յուր կնոջ վրա։ Այդ էլ չվրդովեց Գայանեին։ Նա այնքան արհամարհանքով էր վերաբերվում յուր մասին տարածված զրպարտությանը, որ արժանի չէր համարում պաշտպանվել ոչ մի խոսքով։ Գիտեր, որ յուր ամուսինն էլ մտքում արհամարհում է այդ զրպարտությունը և գոռում է միայն յուր սեփական հանցանքը մոռացնել տալու համար։

— Լսեցե՛ք,— գոչեց Բարաթյանը, նորից զսպելով իրան,— ձեր անտարբերությունը անտանելի է։ Մարդիկ ձեր պատիվը շոշափում են, դուք չեք վրդովվում։ Ես պահանջում եմ, որ դուք ձեզ արդարացնեք:

— Ո՞ւմ առջև։

— Իմ։

— Հա՛ հա՛ հա՛, հանցավորը դատավոր է դարձել։

— Դուք ծիծաղո՞ւմ եք, դուք արհամարհում եք հասարակական կարծիքը։ Ուրեմն լսեցե՛ք, ես պետք է ձեզ մի ճշմարտություն ասեմ։— Տղամարդի մեղքը ամենքի համար սովորական բան է, իսկ երբ կնոջն են բամբասում, թեկուզ զուր տեղը, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ կնոջ հետևից ընկել է մի... խելագար, այն ժամանակ վայ ընտանիքի պատվին։ Մեր մեղքերը մեզ ներվում են, իսկ ձեր մի սխալը — երբեք։ Այս բանը լավ հասկացեք։

— Մեղքը մեղք է, կինն է կատարում, թե տղամարդը, միևնույնն է։ Բացի հասարակական կարծիքից կա խղճի դատաստան։ Դուք այս բանը մոռանում եք։

— Խղճի դատաստա՜ն,— կրկնեց Բարաթյանը ծաղրաբար,— բարեհաճեցեք այդ խոսքը ուրիշ բանի մասին