Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործածել: Ընտանեկան պատիվը շատ նուրբ խնդիր է։ Խիղճը չի կարող օգնել, երբ այդ պատվին վտանգ է սպառնում։ Ի՛նչ նշանակություն ունի ձեր, իմ կամ մի ուրիշի խիղճը ընդհանուրի աչքում։ Կյանքի օրենքները և ավանդությունները ամբոխն է ստեղծում և ոչ անհատները։ Շատ կարելի է իմ խիղճը ձեզ անմեղ է համարում, բայց նա Մովսես մարգարեի տախտակը չէ, որի վրա գրվածները ամբոխը աստվածային պատգամների տեղ ընդունի։ Տիկին, մենք հասարակական կարծիքի ստրուկներն ենք, պարտավոր ենք տալ նրան բոլորը, ինչ որ մեզանից պահանջում է։

Եվ որքան այդ հայացքը անիրավ, որքան անգութ և դատապարտելի լիներ — Գայանեն չէր կարող նրա մեջ չզգալ մի որոշ չափի ճշմարտություն։ Այո՛, այր մարդուն ներվում է նրա ակնհայտ հանցանքը, նրա հետ հաշտվում են, նրան ընդունում են ամեն տեղ, նույնիսկ ամենաառաքինի կինը նրանից չի խորշում։ Իսկ կին մարդը, նրա համար մի անխիղճ լուր, մի քսու և չար խոսք շատ անգամ կործանիչ նշանակություն ունի։

Մի քանի վայրկյան այսպես մտածեց նա։ Բայց հանկարծ նրա ուղեղի մեջ մի հեղաշրջում տեղի ունեցավ։ Նրա սիրտը ալեկոծվեց մի մրրիկով, նրա գունատ այտերը շառագունեցին և աչքերի մեջ պսպղաց անսովոր զայրույթ։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Դա բռնություն է, դա անգթություն է։ Միթե միշտ կինը պետք է պատժվի, իսկ տղամարդը անպատի՞ժ մնա։ Ինչո՞ւ կանայք չեն բողոքում բռնության վեմ, ինչո՞ւ նրանք գոնե իրանց զզվանքը բացարձակ չեն արտահայտում այդ տղամարդկանց, ահա հենց այդ անպատկառ մարդուն, որ երբեք նրա աչքում այնքան քստմնելի չէր երևացել, որքան այժմ։ Ի՞նչ ասի նրան, ինչպես արտահայտի յուր սրտի անհուն նողկանքը։ Ոչ, չարժե ավելի քրքրել այդ տիղմը...

Նա երեսը դարձրեց խորին զզվանքով և ուզում էր դուրս գնալ, երբ դռների հետևից լսվեց մի դղրդյուն: Նա կանգ առավ։ Նույն վայրկյանին դռները լայն բացվեցին, և հետևյալ տեսարանը ներկայացավ։ Երկայն անկողնաձև բազկաթոռի վրա տարածված էր Գերասիմ Գերասիմիչը, ոտները