ցավում է, քիչ մտածիր, ինչքան շատ մտածես, այնքան շատ կցավի։ Դու, վեդ, աշխարհը փոխել չես կարող։ Նրա ստեղծվելուց մինչև օրս միայն Ադամն է հավատարիմ ամուսին եղել, որովհետև բացի Եվայից ուրիշը չկար...
Գայանեն ամոթից չգիտեր երեսը որ կողմ դարձներ։ Քայքայված ծերունու արձակ խոսքերը դիպչում էին նրա կանացի ամոթխածությանը։ Բայց նա գիտեր, որ Գերասիմ Գերասիմիչը ուրիշ լեզվով խոսելու ընդունակ չէ։
— Նուս,— շարունակեց ծերունին,— ուրեմն հաշտվիր դրությանդ հետ։ Լավ չէ շուն ու կատու լինելը, աստված վկա, լավ չէ։ Հաշտվեցեք, թե չէ, երդվում եմ հանգուցյալի գերեզմանով, ոչինչ չեմ կտակիլ ձեզ։ Իսկ ես ուզում եմ ունեցածիս մեծ մասը ձեզ համար թողնել։ Մյուս որդիս վճռել է Ռուսաստանում մնալ. եշչո-բի, Պետերբուրգի մամզելներին կարո՞ղ է գտնել Թիֆլիսում։ Մի քանի հազար կգցեմ առաջը, բերանը կկապի, մնացյալը ձերն է։ Ասում եմ, հաշտվեցեք, վաղը կտակս գրել տամ, երազ եմ տեսել, պրեսկվերնիյ երազ, իմ երազները միշտ կատարվում են։ Նո՛ւ, հասկացա՞ք, հաշտվեցե՛ք։ Էհե, գեղեցկուհի, իզուր մի լաց լինիլ, արտասուքը, երեսդ կփչացնի, ափսոս ես։ Իսա՛կ համբուրվեցե՛ք, լսո՞ւմ եք, շուտ, այս րոպեիս, թե չէ գնացի... Օ՜օ, ոսկորնե՛րս, ոսկորնե՛րս...
Բարաթյանը մի կողմնակի հայացք ձգեց Գայանեի վրա։ Նա պատրաստ էր հաշտվել, նույնիսկ շատ ուրախ էր ծերունու միջամտությանը։
Այնինչ՝ Գայանեն կանգնած էր նույն դրության մեջ, նույնքան վրդովված։ Այժմ նրա մեջ զզվանք էր հարուցանում և՛ այդ անդամալույծ ծերունին։ Հայր և որդի նրա աչքում ներկայացնում էին միևնույն տիպարը։ Զանազանությունը այն էր, որ ծերունին անամոթաբար խոստովանում էր յուր ախտը, իսկ երիտասարդը հանդգնաբար դեռ ծածկում էր յուր անծածկելի հանցանքը։
— Հա՛յդա, ես շատ սպասել չեմ կարոդ։ Չե՞ք ուզում։ Հասկանում եմ, հասկանում եմ, ամաչում եք ինձ մոտ համբուրվել։ Շատ լավ, ես կգնամ, երեկոյան ձեզ կսպասեմ։ Կգաք ինձ մոտ հաշտված, ես ձեզ կօրհնեմ, թե չէ, հորս