Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գերեզմանը վկա, կոպեկ չեմ տալ, տոեստ նի գրոշա՛: Ա՜խ ոսկորներս... Անդրե՛յ, քշի՛ր ինձ...

Հինավուրց ծառան ներս ցցեց գարիի հասկերի նման բեղերը։ Դռները բացվեցին, և ծերունին յուր կացարանի հետ միասին նույն հանդիսավոր կերպով դուրս քշվեց:



IV


«Դիմաքսյանի ուղեղը խանգարված է»։ Այս դարձվածը կրկնում էին շահերը։ Այս առթիվ պատմվում էին տեսակ-տեսակ իրողություններ, որոնք երկու անգամ երկու չորս, ապացուցանում էին տարածված լուրի ճշմարտությունը։

— Դեղին տուն, դեղին տուն, ես վաղուց էի ասում, թե նրա դպրոցը այն է,— կրկնում էր տեսուչ Ինյաթյանը, հոգեբանական մեթոդով ապացուցանելով յուր նախորդի խելագարությունը։

Ոչ ոք նրան չէր հակառակում, իսկ ով թերահավատորեն էր վերաբերվում տարածված լուրին, նրան համոզելու համար տասնյակ «ապացույցներ» էին բերվում։ Բավական է մտիկ անել նրա աչքերին և կարելի է իսկույն հասկանալ, որ այնտեղ «մի բան կա»։ Ահա և՛ նրա ձայնը, մի՞թե խելագարի ձայն չէ։ Իսկ քնթի պնչե՞րը խոսելու ժամանակ։

Անցնում էր Դիմաքսյանը փողոցով, գնում էր թատրոն, թե մի ուրիշ հասարակական տեղ — միշտ լինում էին մարդիկ, որ, նայելով նրան, միմյանց ականջին շշնջում էին։ Երբ նա մեկի հետ խոսում էր, խոսակիցը լսում էր ուշադրությամբ, վիճում էր նրա հետ, հերքում էր նրա ասածը կամ ընդունում, բայց, միևնույն ժամանակ, երբեմն խորհրդավոր հայացք էր ձգում նրա աչքերի մեջ։ Իսկ երբ մի որևէ միտք պնդելիս նա տաքանում էր և ձայնը քիչ թե շատ բարձրացնում, խոսակիցը համաձայնվում էր նրա հետ հակառակ յուր համոզմունքին, ինչպես սովորաբար անում են ուղեղը խանգարվածների հետ։

Սկզբում Դիմաքսյանը այդ կասկածների վրա ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ բժիշկ Սալամբեկյանը հայտնեց նրան գաղտնիքը, այն օրից նա ինքը կամա-ակամա սկսեց կասկածներ որոնել։ Հետզհետե նրան թվում էր, որ լուրը