Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոնական առանցքը, որի շուրջը պտտում էին նրա բոլոր մտքերը։ Դա էր այն անսպասելի աղբյուրը, որից սկիզբն էին առնում նրա գաղափարները, հետո զարգանում, բեղմնավորվում և հափշտակում նրան իրանց բուռն, անընդդիմադրելի հոսանքով։

Մի այդպիսի հոսանք դարձյալ նրան մոռացնել տվեց ամեն ինչ։ Նրա միտքը գործում էր տենդային աշխույժով, որոնելով և գտնելով այն բոլոր աննպաստ պայմանները, որոնք խանգարում էին շրջանի վրա անհատի բարոյական ազդեցությանը։ Նա ուզում էր ապացուցանել, որ ամբոխի սրբությունները շատ են կարոտ արմատական վերանորոգության։ Նա պնդում էր, թե քանի կյանք կա — պետք է փոխվեն և՛ նրա ղեկավարող պայմանները, թեկուզ նրանք լինեն հիմնական օրենքներ, թե կենդանի չի կարող կապված մնալ մեռյալի պաղ շղթաներով։

Թմրած ճահճի մեջ դարձյալ համարձակ ձեռքը արձակեց մի քար, և նա պետք է պղտորվեր։ Դա մի փոքրիկ բրոշյուր էր, ուր Դիմաքսյանը կատաղի կերպով քննում էր ու վերլուծում հասարակական կյանքի ախտերը և անխնա հարձակվում նրանց վրա։



V


Պյոտր Սոլոմոնիչի դրությունը շատ ծանր էր։ Հրավիրված բժիշկները չկարողացան օգնել։ Նրանք միայն խորհուրդ էին տալիս եղանակը տաքանալուց հետո հիվանդին ուղարկել արտասահման, գուցե այնտեղ հռչակավոր բժիշկները մի բան կարողանան անել։

Բայց տիկին Բախտամյանը հակառակում էր։ Նա ասում էր, թե օտար երկրներում յուր ամուսինը կմնա զուրկ խնամող աչքից, այնինչ՝ ինքը այստեղ գոնե քնքուշ հոգացողությամբ աշխատում է թեթևացնել նրա ցավը։ Ճշմարիտն այն էր, որ բժիշկներից ամենահմուտը նրան գաղտնի ասել էր, թե ծերունու օրերը հաշված են, և նա շատ-շատ կարող է ապրել միայն երկու ամիս։

Տիկինը վախենում էր՝ մի գուցե հիվանդը հանկարծ