Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասահմանում առողջանա և այնուհետև մի՞թե նորից ինքը պետք է տանջվեր նրա ձեռքում։ Բացի դրանից, նա կամենում էր վերջին օրերը իրան հոգատար ամուսին ցույց տալ, հուսալով գեթ մասամբ հասարակական կարծիքը փոխել յուր մասին։

Այժմ նրա դռները նորից բացվել էին ծանոթների և բարեկամների առջև։ Ամեն օր հյուրեր էին գալիս հիվանդին տեսնելու։ Պյոտր Սոլոմոնիչը նրանց ընդունում էր միայն քառորդ կամ կես ժամով, հետո նրան պաշարում էր ընդհանուր մարմնային թուլություն։ Նա ընկնում էր մի տեսակ կիսաարթուն և կիսաթմրած դրության մեջ։

Այդ ժամանակ տիկինը հյուրերին հրավիրում էր դահլիճ, որովհետև դա հիվանդից ամենահեռու սենյակն էր։ Այստեղ ամեն ինչ փոխվում էր, սուգը դառնում էր ուրախություն։ Հյուրերի դեմքերից անհետանում էր կեղծ ցավակցության արտահայտությունը և տեղի էր տալիս զվարթության։ Սկսում էին զվարճախոսել, ծիծաղել, երբեմն էլ այնքան բարձր, որ նրանց ձայնը կարող էր հիվանդին հասնել։

— Ախ, շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք,— ասում էր տիկին Բախտամյանը, աչքերի բիբերը հեզ մայրապետի պես դեպի վեր բարձրացնելով։

Հաճախ նրա սեղանի շուրջը նստում էին հինգ-վեց կանայք և երիտասարդներ։ Այդ միջոցներին տիկնոջ «մխիթարությունը» արտահայտվում էր անզուսպ զվարճություններով։ Կարելի էր կարծել, որ ոչինչ անախորժ բան չի անցել նրա գլխով, որ ընդհակառակը բախտը նրա համար ուղարկել է մի նոր երջանկություն։

Միայն երբեմն ձևի համար նա հանկարծ հառաչում էր, շտապով վազում էր ամուսնու սենյակը և, անդամալույծին նույն թմրություն մեջ տեսնելով, վերադառնում էր և նորից շարունակում յուր զվարճությունը։ Նա հավատացնում էր հյուրերին, թե դիտմամբ է աշխատում մոռանալ յուր վիշտը, որպեսզի «ուժերը չկորցնի»։ Եթե նա էլ հիվանդանա, էլ ո՞վ պետք է մտիկ անի «խեղճ մարդուն»։

— Իհարկե, իհարկե,— կրկնում էր կեղծավորների,