կվայելես մի ուրիշի, մի որևէ գեղեցիկ, առողջ երիտասարդի հետ։ Չէ, չէ, հույսդ կտրի՛ր»։
Երկուսն էլ լուռ էին, բայց երկուսն էլ իրար հասկանում էին։ Մերթ ընդ մերթ ծերունին գլուխը բարձրացնում էր և դեպի դուրս ականջ դնում։ Երևում էր, նա մեկին ամեն րոպե սպասում է և շատ բարկանում էր, որ այդ մեկը ուշանում է։
— Զզանգակկը,— արտասանեց, վերջապես նա, աչքերը սևեռելով դռներին և, միևնույն ժամանակ, ձեռը ավելի սեղմելով բարձին։
Տիկինը տատանման մեջ էր մնա՞լ արդյոք մինչև վերջը, տեսնե՞լ թե ով պետք է գա, ի՞նչ պետք է վճռեն և հասաատեն, թե՞ թքել և դուրս գնալ։ Մի քանի վայրկյան անցած, ծանր շունչ քաշելով և Վեքիլյանի հետ բարձր ձայնով խոսելով, ներս մտավ Ամբակում Աֆանասևիչը։ Նրանց հետևից շեկ ու երկայն մորուքով մի պարոն կռնատակին պահած մի կաշվե թղթապանակ և հետո երկու ուրիշ անծանոթ մարդիկ։
Պյոտր Սոլոմոնիչը նշաններով առաջարկեց յուր ամուսնուն դուրս գնալ։ Բայց միայն մի քանի օտար հյուրերի ներկայությունը ստիպեց Աննային թողնել այնտեղը, ուր վճռվում էր նրա ճակատագիրը: Նա ակամա քայլերով դուրս գնաց։ Նրա հետևից Վեքիլյանը հանդգնաբար դռները փակեց։
Նա մնաց մենակ և հուսահատված։ Թվում էր նրան, որ այնտեղ հավաքվել են մի խումբ ավազակներ և կողոպտում են նրա տուն ու տեղը, հարստությունը և ամբողջ բախտը։ Եվ ավազակների պարագլուխն է յուր ազգականը, այդ սափրած, հղկված, կոլորիկ դեմքով, սուր աչքերով փաստաբանը, որ հրացանի ու դաշույնի տեղ գործ է դնում գրիչ և խորամանկություն։
Նա պատրաստ էր գոռալ բարձրաձայն։ «Օգնեցե՛ք, կողոպտեցին»։ Նա ուզում էր դռները կոտրել, ներս վազել, ապտակել մեկին, մյուսին, վռնդել բոլորին յուր սեփական տնից։ Բայց ի՛նչ, նա մի թույլ կին է, անտեր, անպաշտպան։ Օ՜օ անգութներ, օ՜о անաստվածներ, ինչո՞ւ այդպես ջախջախում եք նրա փայփայած հույսերը։ Տասնուչորս տարի տանջվելուց հետո մի՞թե նա իրավունք չուներ գոնե տասնուչորս տարի էլ ապրելու։ Եվ քանի-քանի երիտասարդներ