Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապշած աչքերը նայում էին աշխույժով։ Այս փոփոխությունը տիկնոջը վախեցրեց. չլինի՛ թե հիվանդը առողջանում է։ Նա հետաքրքրված էր բարձի տակ թաքցրած թղթի բովանդակությունով։ Նա համոզված էր, որ դա ծերունու կտակն է։

— Այնքան երկար ժամանակ ինչի՜ մասին էիր խոսում Վեքիլյանի հետ,— հարցրեց տիկինը, չկարողանալով զսպել յուր անհամբերությունը։

— Վըոչչի՛նչ...

Հիվանդը երեսը դարձրեց պատին, ավելի ամուր սեղմելով բարձը: Կինը նայեց նրան՝ գոսացած ոտներից սկսած մինչև զառամյալ գլուխը, ոտը խփեց հատակին և ամբողջ մարմնով ցնցվեց։ Չկար այդ վայրկյանին նրա համար ավելի ատելի, ավելի զազրելի մի բան աշխարհի երեսին, քան այդ քայքայված մարմինը, որի մեջ տակավին ապրում էր անողոք հոգին։

Ահա նա, ահա այն անիծյալ ծերունին, որ տարիների ընթացքում ծծել է նրա երիտասարդական թարմ արյունը, ապրել է նրա կյանքի հյութով ինչպես մի տզրուկ։ Իսկ այժմ, երբ նա պարտավոր է այդ բոլորի գինը վճարել, երե՞ս է դարձնում, չի ուզում անգամ խոսել նրա հետ։ Ո՛չ, կոպիտ անդամալույծ, ո՛չ, անխիղճ ծերունի, ո՛չ, դու պետք է խոսես քո օրինավոր կնոջ հետ։ Դու հենց այս րոպեիս, քանի ուշ չէ, քանի որ քո ատելի հոգին «սատանաների բաժին» չի դարձել, պարտավոր ես հայտնել քո կամքը, ապա թե ոչ... Կատաղած տիկինը բռունցքները սեղմեց, մի քայլ առաջ դրեց, աչքերը պսպղացնելով և ատամների արանքից դողդոջուն ձայնով արտասանեց.

— Մի՛ մոռանար, որ դու երեխաներ ունես...

Ծերունին երեսը մի քիչ շուռ տվեց նրա կողմը։ Մի չարախնդիր ժպիտ աղավաղեց նրա դալկացած դեմքը և մի կծու հեգնություն պսպղաց նրա աչքերի մեջ։ Դեռևս նրա ուղեղը այնքան տկար չէր, որ չկարողանար հասկանալ կնոջ միտքը։ «Էհե՛, քարասիրտ գեղեցկուհի, կարծում էիր մինչև վերջը կարո՞ղ ես խաբել քո մարդուն։ Կարծում էիր ինձ գերեզման գլորելով, ինքդ իմ հարստությունով նոր կյա՞նք