Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկինը շրթունքները ատամներով այնքան ամուր սեղմեց, որ նրանք սպիտակեցին, հետո կարմրեցին, հետո կապտեցին։

Նոտարը շարունակեց։ Մնացյալ կարողությունը ծերունին թողնում էր յուր զավակներին։ Կտակակատար և խնամակալ նշանակվում էին Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանը մինչև ծերունու աղջկերանց չափահաս դառնալը: Այնուհետև հարստությունը հավասար չափով բաժանվում էր երկու քույրերի մեջ պայմանով, որ նրանց ամուսնանալուց հետո անձնապես իրանց պատկանի, առանց որևէ իրավունքի ամուսինների կողմից։

Բոլոր գործերը պետք է կառավարեին խնամակալները։ Նույնիսկ ընտանիքի ծախսերը նրանք պետք է անեին, նույնպես հոգային Լիզոչկայի և Էլեչկայի կրթության մասին: Այդ բոլորի համար նշանակված էր այնքան, որ ավելորդ շռայլություն թույլ չէր տալիս։ Եթե տիկին Բախտամյանր կամենար ամուսնանալ, զրկվում էր ծախսերից, իսկ զավակները մնում էին խնամակալների հսկողության տակ, թեև իրանց մոր մոտ։ Մի խոսքով, տիկնոջը ոչինչ իրավունք չէր հատկացվում, բացի այն, որ նա նշանակվում էր մի տեսակ պատվավոր աղախին յուր զավակների համար գրեթե մի փոր հացի գնով։

Երբ նոտարը վերջացրեց ընթերցումը, բոլորը մեքենայաբար նայեցին տիկնոջ երեսին և հետո սենյակի հատակին։ Նա կանգնած էր. անշարժ, անլուր, դժգույն, ինչպես արձան։ Հանկարծ նրա աչքերը վառվեցին, կուրծքը բարձրացավ, բուռն արցունքը խեղդելով նրա կոկորդը, դուրս թափվեց նրա գունատ երեսի վրա։ Նա ընկղմվեց բազկաթոռի վրա և սկսեց հեկեկալ...



VI


Իզուր Գերասիմ Գերասիմիչը առաջին երեկո հետևյալ և նույնիսկ երրորդ օրը սպասեց, որդին և հարսը չեկան նրա մոտ հաշտված, ուրախ-ուրախ, ինչպես նա պատվիրել էր: Վերջապես անդամալույծի համբերությունը սպառվեց։ Նա