Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանչեց յուր որդուն և սաստիկ հանդիմանեց։ Որդին ասաց, թե ինքը «ամեն բան ներում է», պատրաստ է հաշտվել, բայց Գայանեն չի ուզում և քանի գնում, այնքան ավելի երես է դարձնում նրանից։

— Երեք օր է նա կանչել է յուր մոտ և նրա հետ գաղտնի խոսակցություն ունե։ Մինչև անգամ այդ աղջիկն էլ չի ուզում ինձ հետ խոսել։

Ծերունին յուր Անդրեյին հրամայեց կանչել «մեծամիտ» տիկնոջը։ Գայանեն իսկույն եկավ։ Նա հասկացավ, ինչու համար են իրան կանչում, և արդեն գիտեր, թե ինչ պետք է պատասխանի։ Որքան ծերուհին հորդորեց, որքան խրատեց, վերջապես, սպառնաց, տիկինը միայն արտասանեց.

— Ես կեղծել չեմ կարող։

— Ի՞նչ ասել է կեղծել,— գոչեց ծերունին խռպոտ ձայնով։

— Ձեզ, ինձ և ուրիշներին խաբել։ Այսօր կհաշտվեմ, վաղը ձեր որդին էլի յուր ուզածը կանի։ Եթե չանի էլ, էլի չեմ կարող հաշտվել։

— Իսակ,— դարձավ հայրը որդուն,— մորդ գերեզմանով երդվիր, որ կնոջդ հավատարիմ կմնաս այսուհետև, ժի՛վո...

Դա միակ սրբությունն էր, որ Բարաթյանը անխախտ պահպանում էր յուր սրտի խորքում։ Երդվել մոր գերեզմանով — կնշանակե, ինչպես և լինի, անպատճառ կատարել այդ երդումը։ Բայց նա շատ լավ զգում էր, որ չի կարող այդ անել և վաղ թե ուշ պետք է յուր երդումը քանդի։ Ուրեմն ինչո՞ւ սրբապղծություն գործեր մոր հիշատակի դեմ, մանավանդ որ նա մտքում գրել է միայն առերես հաշտվել Գայանեի հետ, արդեն ինքն էլ ձանձրացած լինելով նրանից։ Կամենալով մի կերպ խույս տալ ծանր երդումից, նա ասաց.

— Ես ազնիվ խոսք եմ տալիս։

— Նու, շտո՞ժ,— դարձավ ծերունին Գայանեին,— ազնիվ խոսք է տալիս։

Տիկինը ուսերը թեթև կերպով վեր քաշեց, երեսը մի կողմ դարձնելով։

Նա չգիտեր որի վրա ավելի զարմանար, որդո՞ւ, որ