Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ՞ որ այդ փոքրիկները, որ օր օրի վրա հասունանում են, պետք է, վերջապես, տեսնեն, զգան և հասկանան սոսկալի եղելությունը։ Այն ժամանակ միթե նրանց զգայուն սրտերը չե՞ն փչանալ, նրանց դյուրաթեք հոգիները չե՞ն աղավաղվիլ: Ավելի լավ չէ՞, քանի որ նրանք փոքրիկ են, քանի որ ոչինչ չեն հասկանում, վաղօրոք, մի հարվածով վերջ տալ խճճված հանգույցին։ «Ոչ, ծերունի, ոչ, զուր ես ինձ համոզում, դու սխալվում ես, հերիք է ինչ որ ես քաշեցի քո որդուց։ Այժմ չեմ կարող և չեմ ուզում էլի խաբվել, էլի տանջվել»։

Մինչ այս բոլորը վայրկենաբար անցավ Գայանեի մտքով, ծերունին, յուր խոսքը ավարտած, սպասում էր պատասխանի։ Իսկ որդին տխուր դեմքով կանգնած, գլուխը մի քիչ դեպի ուսը թեքած, հեզությամբ նայում էր նրան։ Տե՛ս, ծերունի, տե՛ս, ինչքան նա ներողամիտ է, բարի, համբերող և ինչքան, ընդհակառակը, նրա կինը խստասիրտ է, կամակոր, անհաշտ։ Միթե դու հենց այս պատճառով նրան կզրկե՞ս ժառանգությունից։

— Շտո՞ժ, շա՞տ պետք է սպասենք ձերդ գերազանցության րեզոլուցիային:

Գայանեն ձեռը հեռացրեց երեսից. ոտի կանգնեց և պատասխանեց.

— Երբե՛ք չեմ հաշտվիլ:

Ծերունու կիսախուփ աչքերը կատաղությունից մի վայրկյան լայն բացվեցին: Նա գռռաց։

— Ուրեմն, կորի՛ր, անա...

— Պա՛պա,— ընդհատեց որդին խիստ ձայնով։

— Յա, բրատ, այժմ հասկանում եմ ամեն բան։ Բրա՛տ, էտո ֆուրիա, թող գնա, ուր որ ուզում է...

— Աստծու տաճարի առաջ երդվել եմ մինչև մահ իմ կնոջ հետ ապրել,— ասաց Իսակը հանդարտ ձայնով, որի կեղծ հնչյունը միայն Գայանեի համար կարող էր զգալի լինել,— և պատրաստ եմ ապրել:

Հետո նա դարձավ կնոջը և ավելացրեց.

— Իսկ եթե ձեզ, տիկին, այնքան զզվացրել եմ, որ իմ բարեսիրտ հոր աղաչանքն էլ չեք հարգում, ես մեղավոր չեմ... բարի ճանապարհ։