Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես հանդգնաբար ուզում էր նորից խաբել նրան, թե՞ հոր, որ կարծես խրախուսում էր նրա անառակությունը։

Վերջին անգամ Գայանեն դրականապես մերժեց ծերունու խնդիրը։

— Ուրեմն ի՞նչ ես ուզում անել,— գոչեց անդամալույծը արդեն բարկացած,— չլինի՞ թե մտքումդ դրել ես բաժանվել: Իհարկե, այդ էլ մո՛դա է, կարող է խելքիդ փչել։

Հետո, մի քիչ իրան զսպելով, նա առաջ բերեց այն բոլոր վատ պայմանները, որոնցով շրջապատված է մարդուց բաժանված կինը։ Նա ապացուցեց, որ հազար անգամ լավ է ապրել ոչ միայն Իսակ Բարաթովի պես մի «շատ սովորական» ամուսնու, այլ նույնիսկ ամենաանառակ մարդու հետ, ինչպես օրինական կին, կրել ամեն տեսակ տանջանքներ, քան թե բաժանվել։ Խոմ, երիտասարդ կինը առանց տղամարդի չի կարող մնալ. այդ աներևակայելի է, «նեվոզմոժնո, նե եստեստվեննո»:

Նա խոսում էր իրան հատուկ ազատ, նույնիսկ անհամեստ ոճով։ Եվ այս անգամ որդին չէր ընդհատում նրա խոսքը։ Նա ինքը համաձայն էր հոր մտքերին և ուրախ էր, որ յուր մտածածը նա է ասում։

Գայանեն լուռ նստած էր, աջ ձեռքով աչքերը ծածկած և ձախ ձեռը թույլ կերպով ծնկի վրա դրած։ Ծերունու խոսքերի մեջ նա զգում էր մի ճշմարտություն, այն է, որ ինքը ոչ մի պաշտպան չունե։ Այն օրից, երբ Բարաթյանի տնից ոտը դուրս կդնի, նրա անունը հարյուր տեսակ վատաբանությունների առարկա պետք է դառնա։ Այդ նա շատ լավ գիտե։ Բայց մի՞թե հենց դրա համար մնալ և շարունակել այդ դժոխային կյանքը արդեն քստմնելի դարձած մի մարդու հետ, որի շնչառությունն անգամ թունավորում է նրա օդը։

Նրա աչքի առջև, ինչպես կենդանի սպառնալիք, կանգնած էին երեխաները։ Ահա՛ բնական անխորտակելի կապը, որի առջև փշրտվում են բոլոր բարոյական ուժերը: Բայց արդյոք նրանք բախտավո՞ր են, սնվելով և կրթվելով անվերջ երկպառակությունների ազդեցության տակ։ Եթե նա երբեք չի կարող հաշտվել նրանց հոր հետ, եթե նրա սրտում արմատացած բուռն զզվանքը հավիտյան պետք է մնա այնտեղ,