Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրը, երբ Գայանեն ուրախ ու զվարթ դեմքով կարեթի մեջ նստած սլանում էր Բարաթյանի հետ դեպի երկաթուղու կայարանը։ Հիշեց բոլոր յուր տառապանքները, որ կրել էր մինչև այդ օրը և այնուհետև։ Համեմատեց այն ժամանակվա Գայանեին այժմյանի հետ։ Որքա՜ն փոփոխություն։ Այն դեմքը, որի յուրաքանչյուր գիծը այն ժամանակ արտահայտում էր անհուն երջանկություն, այժմ ինչպե՜ս սքողվել էր դառն տխրությունով։ Բայց այս տխրությունը այժմ բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց նրա վրա։ Բնազդմամբ զգաց, որ անկասկած մի արտաքո կարգի բան է պատահել Գայանեին։

«Միթե արդեն բաժանվե՞լ է ամուսնուց», մտածեց Դիմաքսյանը մարգարեաբար, և մի ինչ-որ անբացատրելի վայրկենական ուրախություն համակեց նրա սիրտը։


VII



Երբ Գայանեն մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը, այնտեղ տիրում էր այն խորին սրբազան լռությունը, որ մահվան ներկայությունն է զգալ տալիս։ Լուսամուտների ծանր վարագույրները ցած էին իջեցրած, սենյակը կիսով չափ մութն էր։ Երեխաներին նոր հեռացրել էին ծերունու մոտից։ Չէր երևում նույնպես և տիկին Բախտամյանը։ Միայն Օվսաննան էր նստած հիվանդի գլխի մոտ, աչքերը արտասուքով թաց։ Ավելի մոտիկ նստած էր բժիշկը, հիվանդի բազուկը բռնած։

Քայլերի ձայն լսելով, Պյոտր Սորոմոնիչը ծանրությամբ աչքերը բաց արեց և ձեռը թույլ կերպով շարժեց։ Գայանեն թեքվեց, համբուրեց այդ ձեռը, թույլ տալով, որ ծերունին յուր պշկած, պաղ շրթունքները հպի նրա ճակատին։ Նա նստեց մահճակալի մոտ, թաշկինակը սեղմելով աչքերին և աշխատելով զսպել արտասուքը, որ խեղդում էր նրա կոկորդը։ Տառապյալ ծերունին նրա սիրտն էր մորմոքումդ «Խե՛ղճ մարդ, դու քո սխալանքի զոհ դարձրիր թե՛ քեզ, թե՛ քո պատիվը և թե ինձ...»

Նա ուժ չունեցավ իրան զսպելու, սկսեց հեկեկալ, փաթաթվելով Օվսաննային, որ յուր քրոջը տեսնելու վայրկյանից արդեն հեկեկում էր։