Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիվանդը Վեքիլյանին նշան արեց։ Իրավաբանը հանեց նրա բարձի տակից կտակագիրը և կարդաց այն հատվածը, որ վերաբերվում էր Գայանեին։ Ծերունին աչքերը սևեռել էր յուր քեռորդու երեսին և շրթունքների մեղմիկ շարժումով արտահայտում էր յուր սրտի գոհունակությունը։ Նա խոսելու ընդունակությունը կես ժամ էր կորցրել էր։

— Օ՜օ, ես սրբությամբ կկատարեմ ձեր կամքը,— գոչեց Գայանեն բարձր ձայնով, որ հիվանդի թմրած լսելիքին հասնի և նրա պաղ ձեռը նորից ամուր սեղմեց յուր շրթունքներին,— ես իմ անձը կզոհեմ այդ նպատակին, բարեսի՛րտ, թանկագի՛ն քեռի...»

Ծերունու հողագույն դեմքով անցավ շնորհակալության պարզ ցոլմունքը։

Գայանեն մնաց մեռնողի մոտ մինչև վերջին վայրկյան, ծերունու վերջին հայացքը սառավ նրա վրա, դրոշմելով նրա փափկացած սրտի վրա մի նոր, անջնջելի վիշտ։

Նույն րոպեին պատկառելի քաղաքացու մահը, բերանից-բերան անցնելով, տարածվեց համարյա ամբողջ քաղաքում։ Իսկ հետևյալ օրը նրա կտակի բովանդակությունը հայտնի եղավ ամբողջ հասարակությանը։ Օրվա հերոսները Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանն էին։ Իրավաբանը, ոչ առանց պարծանքի, հաղորդում էր յուր բարեկամներին կտակի բոլոր մանրամասնությունները։ Նա շատ ջանք է արել ծերունուն դեպի բարեգործություն թեքելու, և նրա ջանքը պսակվեց հաջողությամբ։ Այո՛, եթե նա չլիներ, Էջմիածնի ճեմարանը և Ներսեսյան դպրոցը իսկի գրոշ կստանայի՞ն։

Եվ այսպես նա անխնա խլում էր հանգուցյալ Պյոտր Սոլոմոնիչի փառքի պսակի տերևները, բոլորը յուր անձնական ազդեցությանը վերագրելով, մի չնչին մաս էլ հատկացնելով Ամբակում Աֆանասևիչին։ Հապա՛, ահա ինչ կարելի է անել համբերությամբ, զգուշությամբ և խոհեմությամբ։ Թող այժմ «խելագարը» կամ խելագարները ինչքան ուզում են հարձակվեն նրա վրա։

Նա իսկույն այցելեց մի բարեկամ խմբագրի։ Եվ ծերունու թաղման օրը հրատարակվեց հանգուցյալի հիշատակին մի հոդված, ուր «ճշմարիտ ազգասերների