Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարաթյանների բաժանվելու լուրը առաջինը նա հաղորդեց Դիմաքսյանին: Որքան Գայանեի արածը սպասելի լիներ Դիմաքսյանի համար, այնուամենայնիվ լուրը խոր տպավորություն գործեց նրա վրա։ Այնուհետև նա աշխատում էր ստեպ-ստեպ տեսնվել Սալամբեկյանի հետ։ Բժիշկը ամեն օր այցելում էր օրիորդ Կարինյանին և Գայանեին, հանդիպում, բնական էր ուրեմն, որ միայն նա կարող էր ճիշտ տեղեկություններ տալ Դիմաքսյանին։

Մի օր նա ասաց, թե նախընթաց երեկոյան դայակը երեխաներին բերել էր Գայանեի մոտ։ Բարաթյանը համաձայնվել է, որ շաբաթը մի կամ երկու անգամ մայրը տեսնվի յուր զավակների հետ։ Բժիշկ Սալամբեկյանի ասելով, դա նրա կողմից մի ճարպիկ միջոց էր հասարակության աչքում բարեսիրտ ու ներողամիտ մարդ երևալու, նրա համակրանքին արժանանալու։ Այսպես թե այնպես, Դիմաքսյանը փոքր-ինչ ուրախացավ Գայանեի համար, որ բոլորովին չէր զրկվում յուր երեխաներից։ Այժմ նրա առաջին մտատանջությունը տիկնոջ վիճակն էր, և ամեն մի թեթևություն այդ վիճակի մեջ նրան մխիթարանք էր պատճառում։ Ահա ինչու մի անգամ նա հարցրեց՝ արդյոք ի՞նչ են մտածում օրիորդ Կարինյանը և բժիշկ Սալամբեկյանը Գայանեի արածի մասին։ Թե՛ մեկի և թե՛ մյուսի կարծիքը նշանակություն ուներ, որովհետև նրանց հարաբերությունից էր մասամբ կախված Գայանեի վիճակը։ Իսկ Դիմաքսյանը գիտեր, որ շրջապատողների մի թեթև աններողամտությունն անգամ կարող է ճնշող ներգործություն ունենալ Գայանեի վրա։

— Իմ կարծիքով,— պատասխանեց Սալամբեկյանը նրա հարցին,— դա միակ ելքն էր, ուրիշը չկար նրա համար։

— Նույնիսկ եթե հասարակությունն էլ բամբասի։

— Հասարակությո՞ւնը... եթե նա հոգեբանական րեզոններ ընդունում է — չպիտի բամբասի մի այդպիսի կնոջ։ Եթե չի ընդունում, կնշանակի նա բռնակալ է։ Իսկ բռնակալին ներելի է դիմադրել:

Օրերը անցնում էին, Դիմաքսյանի անհանգստությունը քանի գնում ավելանում էր։ Նա ցանկանում էր Գայանեի հետ գեթ մի անգամ տեսնվել, անձամբ իմանալ նրա դրությունը: