— Ամոթ չլինի հարցնելը, որտե՞ղ եք ուզում գնալ...
— Օրիորդ Կարինյանի մոտ։
— Օհո՜, լա՛վ տեղ եք գնում։ Նա ազատություն սիրող, դուք էլ... Է՛հ, տերը ձեզ հետ։ Բայց ես զարմանում եմ, ինչու ձեր քրոջ մոտ չեք գնում։
Այստեղ Օվսաննան հուզված հաղորղեց Գայանեի որոշումը. նրանք այսուհետև երկու քույր պետք է բնակվեն օրիորդ Կարինյանի մոտ։
— Ի՛նչ, ուրեմն քույրդ մարդուց բաժանվո՞ւմ է,— գոչեց Բախտամյանը, մի տեսակ ուրախություն զգալով։
Օվսաննան գլխով անորոշ շարժում արեց։ Տիկինը անսպասելի աշխույժ ստացած ոտքի կանգնեց և սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում։ Նա փորձեց Օվսաննայից գործի մանրամասնությունները իմանալու։ Բայց օրիորդը համառությամբ պնդում էր, թե ինքը ավելի ոչինչ չգիտե և չի կարող ասել։
Նույն օրը երեկոյան Գայանեն Օվսաննայի հետ տեղափոխվեց օրիորդ Կարինյանի մոտ։ Վերջին ժամին տեղի ունեցավ մի սրտահույզ տեսարան։ Օվսաննան չկարողացավ սառնարյուն բաժանվել այն տնից, ուր նա անց էր կացրել յուր մանկությունն ու պատանեկությունը և այժմ նոր-նոր սկսում էր յուր չափահասությունը։ Հավաքելով և դասավորելով յուր հագուստեղենը սնդուկի մեջ, նա անդադար լալիս էր: Ամեն մի չնչին իր հիշեցնում էր նրան յուր անցկացրած ուրախ և տխուր օրերը։ Նույն րոպեին, երբ նա արդեն պատրաստվել էր դուրս գնալու, Լիզոչկան և Էլեչկան փաթաթվեցին նրա պարանոցին և չէին ուզում բաժանվել նրանից։ Բայց տիկին Բախտամյանը մոտեցավ և, խստությամբ բռնելով ձեռներից, հեռացրեց նրանց օրիորդից։
VIII
Վաղուց բժիշկ Սալամբեկյանը նկատում էր, որ Դիմաքսյանը չափից դուրս շատ է հետաքրքրված Գայանեի վիճակով։ Նա զգում էր, որ յուր ընկերը սիրում է տիկնոջը և այդ սերը նոր չէ, բայց թե որքան նա զորեղ է — չգիտեր։