Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժիշկը չթախանձեց, չէր կարելի մի մարդուց ավելի վեհանձնության պահանջել։ Նա այնքան զգացվեց, որ չկարողացավ իրան զսպել, փաթաթվեց ընկերոջ պարանոցին և համբուրվեց նրա հետ։

Երբ այս սրտառուչ տեսարանի պատմությունը օրիորդ Կարինյանը լսեց, նրա աչքերը արտասուքով լցվեցին։

— Ես համոզված եմ,— ասաց նա,— որ Մսերյանը քո ամենաանկեղծ բարեկամներից մեկն է։

Մինչդեռ բոլոր հրավիրվածները արդեն եկել էին, Դիմաքսյանը Գայանեին փնտրում էր և չէր տեսնում։ Մի՞թե նա ամաչում է երևալ հասարակության մեջ կամ գուցե հիվա՞նդ է։ Դիմաքսյանը մոտեցավ օրիորդ Կարինյանին, որ երջանիկ ժպիտը երեսին պսակադրության զգեստով նստած էր պայծառ լուսավորված դահլիճի ծայրում։

Լսվեց դաշնամուրի ձայնը։ Հյուրերը քաշվեցին դահլիճի պատերի տակ, պարողներին տեղ տալու համար։ Դիմաքսյանը, հարսնացվին շնորհավորելուց և նրա հետ մի փոքր խոսելուց հետո, հեռացավ հանդիսականներից, կանգնեց ոչ հեռու դեպի պատշգամբ նայող լուսամուտից։ Նա նայում էր պարողներին և մտածում Գայանեի մասին։ Հանկարծ վարագույրի հետևից նրա ականջին հասավ մի խոսակցություն, որի մեջ հիշվում էր նրա ազգանունը։ Նա զգաց, որ իրան բամբասում են, հեռացավ լուսամուտից, մտավ հանդիսականների շարքը։

Մի ժամ անցած նա, առանձին կառք նստած, հետևում էր հարսանիքի հանդեսին դեպի եկեղեցի։ Հոգեկան վատ տրամադրության մեջ նա չկամեցավ ոչ ոքի հետ ընկերանալ, որպեսզի ստիպված չլինի խոսակցել։

Տարօրինակ ու մռայլ տպավորություն գործեց նրա վրա ներսից լուսավորված և դրսից խավար եկեղեցին։ Երկնքի մթին հորիզոնի վրա նկարված էր նրա ութանկյունանի գմբեթը, ինչպես մի անշուք ներկայացուցիչ դարավոր հաստատության։ Մի կոթող, որ վայրկենաբար հիշեցրեց նրան քրիստոնեական գաղափարների երկար դարերի թագավորությունը։ Նեղ ու երկայնաձև պատուհանները իրանց աղոտ կաթնագույն լույսով նայում էին ինչպես թախծալի և խորհրդավոր աչքեր: