Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ներս մտավ սիրտը լցված բանաստեղծական զգացումներով և պատկառանքով գլուխը խոնարհեցրեց վաղեմի սրբության առջև։ Քարաշեն սյուների և պատերի մթին պաղությունը նրա սրտի մեջ տարածեց մի նոր ջերմություն։ Յուր ազգի պատմությունը նկարվեց նրա հոգու մեջ, ինչպես երկար դարերի մթության մեջ կորած մի ամբողջ կյանք։ Վերակենդանացան նրա աչքի առջև այն բոլոր մարտիրոսները, որոնց տվայտանքով պահպանվել էր այդ կյանքը և հասել ներկա օրերին։ Պատկերացավ մի տառապող ժողովրդի ներկան, որ ունեցել էր անցյալ և այդ անցյալը ապագային կտակելու համար յուր միջից տվել էր անձնազոհ նահատակների մի անվերջ շարք։ Ազգի հետ մի հոգի, մի արյուն դարձած, նրանք դարեր շարունակ մաքառեցին քրիստոնեական լուսավոր գաղափարների համար։

«Ո՛չ, մրմնջացին Դիմաքսյանի շրթունքները, իմ կրծքե մեջ մեռած չէ նվիրական զգացումը և չի մեռնիլ հավիտյան։ Ես հավատում եմ հավատի անհաղթելի ուժին, ես կմաքառեմ միայն այդ ուժին ապավինելով։ Հեռո՛ւ ինձանից սպանիչ հուսահատություն։ Ես ուզում եմ ապրել և գործել մի անբախտ ժողովրդի համար, ես նրա հարազատ զավակն եմ։ Անմահ նահատակներ, ներշնչեցե՛ք ինձ ձեր համբերության և տոկունության հոգին, տվե՛ք ինձ մի չնչին մաս ձեր ուժից։ Ժամանակներն անցան, ձեր պաշտպանած ազգի պահանջներն այժմ փոխվել են, բայց ձեր նման անվեհեր զինվորների կարիքը կա և կմնա, քանի որ գոյություն ունե այս թշվառ ժողովուրդը...»։

Մինչ նա խորասուզված էր այս մտքերի մեջ, եկեղեցին հետզհետե լցվում էր հետաքրքիր ամբոխով։ Պսակվողները չէին երևում բազմաթիվ գլուխների շարքում, որ երկու կենդանի պատեր էին կազմել եկեղեցու երկարությամբ։ Լսվեցին երգիչ տիրացուների աններդաշնակ ձայները, ընդհանուր շշուկները և իրարանցումը սաստկացան։ Մի րոպե ամեն ինչ լռեց, ամբոխը կուտվեց մի տեղ, շրջապատելով պսակվողներին։

«Որդի՛, հնազա՞նդ ես մինչև մահ»։