Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկզբում Բարաթյանը կարծում էր, թե Գայանեն կսթափվի և կվերադառնա։ Բայց ժամանակն անցնում էր, և նրա հույսը չէր արդարանում։

Մի օր նա կանչեց Օվսաննային յուր մոտ և ամենասառն կերպով բացատրեց այն ծանր պայմանները, որոնցով շրջապատված է Գայանեն։ Նա առաջարկում էր յուր կնոջը լավ մտածել, քանի ուշ չէ, քանի հասարակությունը դեռ կասկածում է նրանց բաժանվելու մասին։ Իսկ երբ ամենքին հայտնի կլինի, այն ժամանակ ոչինչ չէ կարող օգնել, և Բարաթյանը ստիպված կլինի յուր անունը պաշտպանել։

Անփորձ Օվսաննան վախեցավ նրա սպառնալիքից, բայց քրոջից ընդունած հրահանգը ճշտությամբ կատարեց։ Գայանեն երբեք չի վերադառնալ Բարաթյանի տունը։ Նա այդ քայլը արել է երկար մտածելուց հետո։ Բարաթյանը, տեսնելով, որ օրիորդն այդպիսի եռանդով պաշտպանում է յուր քրոջը, համոզվեց, թե նրա միջոցով ոչինչ չի կարելի անել։ Վերջապես, կային բաներ, որոնց մասին անկարելի էր խոսել օրիորդի հետ։ Նա մի երկար նամակ գրեց Գայանեին, որից նա հենց նույն օրը պատասխան ստացավ։

«Եթե ձեր արածը,— գրում էր Գայանեն,— ուրիշների արածների նման լիներ, կարելի է համբերեի։ Բայց դուք դիտեք, թե ինչը ստիպեց ինձ հեռանալ ձեր տնից։ Ինձ գիշեր-ցերեկ կտանջեր այն խեղճ մարդու ուրվականը։ Նա ինձ համար երկրորդ հայր էր, դուք պետք է այս բանը հասկանայիք։ Բայց ի՞նչ արեցիք, դուք սպանեցիք նրան, և այժմ ուզում եք մի մարդասպանի, իմ հայրասպանի հետ ապրե՞մ…»։

Հետո նա գրում էր երեխաների մասին։ Ահա այն միակ կապը, որ մինչև այժմ նրան կաշկանդում էր։ Բայց այդ կապն էլ չկարողացավ նրան պահել։

«Այժմ իմ վերջին խոսքն այս է. ես խնդրում եմ, աղաչում եմ, տվե՛ք ինձ իմ երեխաներին։ Չեմ ասում, թե դուք նրանց չեք սիրում և հեշտությամբ կարող եք նրանցից բաժանվել։ Բայց, հասկացեք, նրանք իմ շունչն են, իմ կյանքը, մի' զրկեք ինձ նրանցից։ Թողնում եմ ձեզ իմ հայրական կալվածը,