Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ բոլոր ոսկեղենները, բոլորը, բոլորը, ինչ որ ունեի, բայց երեխաներին տվեք ինձ…»։

Դյուրին է ասել «տվեք երեխաներին»։ Եթե Բարաթյանը սիրող հայր չէ, մի՞թե այնքան անհեռատես մարդ է, որ չհասկանա, ինչ հետևանք կունենա երեխաներին իրենց մորը հանձնելը։ Մի՞թե նա չգիտե, որ այդ կնշանակե՝ լուռ կերպով հրապարակորեն հանձն առնել հանցանքի ամբողջ ծանրությունը։ Ո՛չ, այդ անկարելի է։ Թող նրա խղճի առջև Գայանեն արդար լինի, թող նա զգա, որ ինքը տմարդաբար վարվեց նրա հետ, բայց հասարակության աչքում յուր վարկը պետք է պաշտպանի։ Երեխաները պետք է մնան նրա մոտ, ինչպես նրա անմեղության գրավական մարդկանց աչքում։

Այսպես վճռելով, նա անպատասխան թողեց Գայանեի նամակը, աշխատելով մոռանալ ամեն ինչ և շարունակել յուր կյանքի սովորական ընթացքը։ Որքան նա զգույշ լիներ, որքան աշխատեր թաքցնել յուր բուն պատկերը, վերջին ժամանակ հասարակությունը սկսել էր նրա վրա ա՛յլ կերպ նայել։ Կային մարդիկ, որ նրա անունը արտասանում էին ատելությամբ, մինչև անգամ զզվանքով։ Յուր ընկերների և բարեկամների շրջանում նա զգում էր մի տեսակ ճնշում և ամոթ։ Եվ այդ ազդում էր նրա հասարակական գործունեության վրա։ Նկատելի էր, որ նա այլևս առաջվա ինքնավստահությամբ չէ կարողանում խոսել Դումայի և դպրոցական հոգաբարձության նիստերում։

Երբեմն նա հանդիպում էր Դիմաքսյանին հասարակության մեջ։ Այն մարդը, որին նա առաջ գոնե արտաքուստ կարողանում էր արհամարհանք ցույց տալ, այժմ նրա բարկությունն էր շարժում, նրան հուզում ու վրդովեցնում էր։ Պակաս չէր վրդովվում ինքը՝ Դիմաքսյանը, նրան տեսնելիս։ Բայց նա ամեն կերպ աշխատում էր ոչ մի կերպ չարտահայտել յուր վրդովմունքը։ Մի անգամ նրանք մի հասարակական հիմնարկության ընդհանուր ժողովի նիստում ունեցան մտքերի մի թեթև ընդհարում։ Երկուսն էլ նկատեցին, որ ժողովականները մի տարօրինակ ուշադրությամբ են հետևում նրանց ընդհարմանը։ Բայց Բարաթյանը շուտով վերջ տվեց յուր վեճին, ձգելով Դիմաքսյանի կողմ մի շինովի արհամարհական հայացք։