Բայց Նիկողայոսը կատակ չէր անում։ Նա բռնեց կնոջ ձեռքից, հետ մղեց և հրավիրեց նստել յուր տեղը։
— Օհո',— բացականչեց տիկինը միանգամայն ապշած,— չլինի թե դու ինձ ուզում ես փախցնել։
Ասաց նա և, կեղծ վիրավորված, երեսը շուռ տվեց իբր թե դուրս գնալու։ Բայց երբ տեսավ, որ ամուսինը լուռ է, հետ դարձավ և կրկին նստեց։
— Նիկո՜,— ասաց նա լրջորեն,— լա'վ իմացիր, ով որ մեծամեծների հետ ուզում է ծանոթանալ, նա մեծ սիրտ էլ պետք է ունենա:
— Թող, աստված սիրես,— գոչեց Նիկողայոսը,— ծանոթներ, ծանոթներ, քանդեցիր տունս քո ծանոթներով։ Այնքան ունենք, որ էլ ով ասես գալիս է այս տուն, ով ասես, բարևում է ինձ դրսում, շատերի անունն էլ չեմ հիշում։
Սոփիոյի տոհմական ինքնասիրությունը վիրավորվեց։ Ինչ, միթե նա՛, պայծառափայլ Սահարունիների դուստրը, այնպիսի մարդկանց է ընդունում յուր տունը, այնպիսի ծանոթներ է ձեռք բերում, որ դուր չե՞ն գալիս նախկին «բազազին»։ Ո՞վ է Սադափյան անունը բարձրացրել, ո՞վ է այս տունը իշխանների, չինովնիկների, լուսավորվածների համար բաց արել։
— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, բոլորը դու ես արել,— ընդհատեց Նիկողայոսը կնոջ խոսքը,— հիմա, բավական է, էլ չեմ ուզում։ Մինչև այժմ մենք ուզում էինք սրա ու նրա հետ բարեկամանալ, այժմ թող ուրիշները աշխատեն մեզ մոտենալ։ Որքան մեզ ծանր պահենք, այնքան մեր պատիվը կբարձրանա:
— Հիմա այդպես ես խոսում, հաա՞,— գոչեց տիկինը հեգնաբար,— դու չէի՞ր, որ ասում էիր՝ մարդ պետք է միշտ յուր գլխից վերև նայի, ոչ թե ցած… Դու չէի՞ր. հիմա փոխվեցի՞ր։ Շատ լավ, ծանր պահիր, տեսնենք, ո՞ր կոմսուհին երեսիդ մտիկ կանի։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։
— Ի՞նչ, ո՞վ, ի՞նչ ես ասում,— զարմացած արտասանեց Նիկողայոսը։
— Ես ուզում եմ կոմսուհի Նավալիխինայի հետ ծանոթանալ,— պատասխանեց տիկինը դրական եղանակով։