փող էր ուզում, նա ձեռը տատանվելով էր գրպանը տանում, գլուխը խորհրդավոր շարժում էր և կրկնում.
— Սոփիո, ծախսերդ թեթևացրու։
— Սուս,— պատասխանում էր Սոփիոն կատակով, և ամեն անգամ մատների ծայրերը շփում ամուսնու իստակ սափրված երեսին։
Նիկողայոսի ժլատանալը անհիմն չէր — նրա գործերը ձախ էին ընթանում, մանավանդ վերջին տարի։ Երկու անգամ իրար հետևից նա խոշոր վնասներ կրեց կապալներում։ Նա փողի պակասություն զգալով, սկսեց դիմել սրա ու նրա օգնությանը, այնպես որ Հալաբյանն առաջինը չէր, որին նա ձեռք մեկնեց։ Բայց նա զգուշությամբ թաքցնում էր կնոջից յուր ձախորդությունն այն մտքով, որ Սոփիոն յուր աղմուկով իզուր պիտի արյուն վրդովեր։
Դռները հանդարտ բացվեցին, ներս մտավ Սոփիոն և անխոս նստեց Նիկողայոսի գրասեղանի մոտ։
— Ասա տեսնենք,— արտասանեց վերջինը, թևերը դնելով յուր առաջ ցրված հաշվեթղթերի վրա։
Սոփիոն ժպտաց։ Նիկողայոսը հասկացավ։
— Այսօր ոչինչ մի խնդրիլ ինձանից,— ասաց մարդը և շարունակեց պարապել ընդհատված գործերով։ Սոփիոն շրթունքն ամուր սեղմեց, ծռեց մի կողմ, հոնքերը վեր քաշեց և գլուխը շարժեց աջ ու ձախ։
Այս ձևով էր նա սովորաբար ծաղրում ամուսնու թույլ ընդդիմադրությունը։
— Չեմ տալ, ասում եմ,— կրկնեց Նիկողայոսը, մի փոքր ձայնը խստացնելով։
Զարմանքից Սոփիոյի դեմքը երկարացավ և փոքրիկ աչքերի փայլուն բիբերն անշարժ մնացին դեղնափայլ շրջանակներում։
— Հետո՞,— արտասանեց նա։
— Հետո, փող չունեմ, Սոփիո, հավատացի՛ր, որ չունեմ։
— Հանաքը մի կողմ թող, ձեռդ գրպանդ տար։
— Չունեմ, ասում եմ։
— Եթե դու ծուլանում ես, ինքս կհանեմ փողամանդ,— ասաց Սոփիոն և, ոտքի կանգնելով, մոտեցավ ամուսնուն։