Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնելով Բարաթյանին, նա հառաչեց, տեղից թեթև շարժվեց, առանց ոտքի կանգնելու: Նա հագած էր սև հագուստ, որ նրա դեմքի գունատությունը ավելի պարզ էր կացուցանում: Նրա նիհարած երեսը, կնճռված ճակատը և սղմված շրթունքները արտահայտում էին սգավոր այրիի բոլոր նշանները։

Նրանք լուռ սեղմեցին միմյանց ձեռը. Բարաթյանը վերարկուն ձգեց անկյունում դրած մի աթոռի վրա և նստեց տիկնոջ հանդեպ՝ գլխարկը ձեռին բռնած, ինչպես կարճ միջոցով եկած մի հյուր։ Տիկինը անսովոր լրջությամբ և սառն եղանակով ասաց, թե Բարաթյանին հրավիրել է մի շատ կարևոր գործի համար։ Նա խնդրեց առայժմ ոչինչ չհարցնել վերջին ժամանակվա պատահած անցքերի մասին. նրանք առանց այն էլ պարզ են Բարաթյանի համար։ Շրթունքները ներքին խռովությունից անխնա կրծոտելով, նա բացատրեց յուր ներկա դրությունը և նկարագրեց յուր կյանքը մռայլ գույներով: Նա սեփական տանը ապրում է ինչպես մի օտարական։ Նրա փողերով նրան ողորմություն են անում, նա յուր գլխի տերը չէ։

— Պետք է ինձ օգնես, ավարտեց նա յուր խոսքը,— ես ուրիշ հույս չունեմ, բացի քեզանից։

«Դու»-ով խոսելը այս անգամ Բարաթյանին դուր չեկավ։ Նա շտապեց եղանակը փոխել և հարցրեց, թե արդյոք ինչպես կարող է օգնել տիկնոջը։

— Պետք է այն ծերունու կտակը քանդել,— պատասխանեց այրին վճռողական եղանակով և համառոտ։

Բարաթյանը զարմացած նայեց նրա երեսին։ Նույն վճռողական եղանակով այրին կրկնեց յուր ասածը։ Այո', պետք է Պյոտր Սոլոմոնիչի կտակը անպատճառ քանդել, այստեղ զարմանալու ոչինչ բան չկա, ծերունու խելքը գլխին չի եղել կտակը կազմելիս, նրան խաբել են անաստվածները։

— Այդ կրթված ավազակ Վեքիլովը և այն ուղտապան Ամբակում Աֆանասևիչը, երկուսն էլ գող են, սրիկա են, պետք է նրանց դեմ դատ բաց անել։

— Ասացեք խնդրեմ, ո՞վ է ձեզ այդ խորհուրդը տվել,— հարցրեց Բարաթյանը։

— Ոչ ոք, ես ինքս եմ մտածել այս մասին: Իմ դրությունը