հասարակությանը, երեխաներին իմ մոտ պահելով։ Որ ես հավատարիմ ամուսի՞ն էի։ Ո՞վ կհավատա ինձ, ո՞ւմ կարող եմ ես խաբել։ Նախապաշարմունք, անմիտ, ծաղրելի և ծիծաղելի նախապաշարմունք, որի անունով միմիայն ապուշը կհամաձայնվի զրկվել մի ամբողջ ժառանգությունից, այն էլ իմ այժմյան նյութական վատ հանգամանքներում»։
Ամբողջ գիշերը նա այդ մասին էր մտածում՝ յուր սենյակում առանձնացած։ Առավոտյան որոշյալ ժամին նա ներկայացավ ծերունուն և հայտնեց նրա յուր վճիռը։ Նա ընդունում է հոր պայմանները, նա ինքն էլ համոզված է, որ Գայանեն երեխաներին ավելի լավ կկրթի, քան թե ինքը։ Գերասիմ Գերասիմիչը հանգստացավ։ Կարծես, նա յուր ուսերից մի ծանր բեռ ձգեց։ Հետևյալ օրը նա յուր կտակը կազմեց Իսակի անունով։ Նույն օրը երեկոյան Բարաթյանը նստած էր յուր առանձնասենյակում և հաշվում էր յուր հոր կարողության չափը։ Ներս մտավ ծառան, և հանձնեց մի փոքրիկ ծրար։ Նա բաց արեց ծրարը անհամբերությամբ։ Նա գիտեր ումից է նամակը, կարդաց և հոնքերը կիտեց։
— Լա՛վ,— դարձավ նա ծառային,— ասա այս նամակը բերողին՝ «լավ»։
Եվ ծրարը, նամակի հետ պահելով, ճրագի վրա այրեց, մոխիր դարձրեց…
X
Մի ժամ անցած, երբ արդեն բոլորովին մութն էր, Բարաթյանը աջ ու ձախ նայելով, մտավ Բախտամյանների բնակարանը։ Ոչ ոք նրան չդիմավորեց, ոչ ծառա, ոչ աղախին և ոչ տանտիրուհին։
Դռները բաց էին, ամբողջ տան մեջ տիրում էր անսովոր լռություն։ Կարծես, երեխաներն անգամ այնտեղ չէին։ Մի կանթեղ կիսով չափ լուսավորում էր նախասենյակը։ Առանց վերարկուն հանելու, Բարաթյանը մտավ ներս, անցավ ընդարձակ դահլիճը և գնաց մի ուրիշ սենյակ։ Այստեղ թավշյա բազկաթոռի վրա նստած էր այրիացած տիկին Բախտամյանը, ձեռները կրծքին ծալած և աչքերը դռներին հառած։