Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր վատ տպավորությունը թաքցնելու համար։ Բայց այրին գուշակեց նրա միտքը։ Նրա աչքերը պսպղացին, երևան եկավ բնական կատաղությունը կանացի խայթված ինքնասիրության հետ։

— Ահա ինչ մարդ եք եղել, ես չէի իմանում, գոչեց նա, ձեռներով ճանկռոտելով սեղանի սփռոցը,— ահա իմ վարձը… վախկո՛տ։

Նա, ատամները կրճտելով, մի կերպ իրան զսպեց, որպեսզի ավելի խիստ ածական չտա այն մարդուն, որին հանձնել էր յուր պատիվը և որից սակայն դեռ հույս ուներ օգնություն ստանալու։ Այնինչ` Բարաթյանը մազաչափ չկորցրեց յուր սառնասրտությունը։ Նա հանդարտ եղանակով շարունակեց բացատրել բոլոր հանգամանքները։ Մարդը սխալական է, տիկինը մոլորվեց, նա ինքն էլ մոլորվեց։ Միթե հենց այս պատճառով նրանք իրենց անունը պետք է թղթախաղի՞ տան։ Եթե առաջարկությունը անիրագործելի չլիներ, նա կընդուներ։ Նա պատրաստ է ամեն բանում օգնել տիկնոջը։ Բայց այս բանում — ոչ, չի կարող հակառակ յուր կամքին և ցանկության։

— Երևակայեցեք, հանկարծ երկուսս միասին մի օր ներկայանում ենք դատաստանին, ինչպես միևնույն գործի համար համերաշխ ընկերներ։ Ո՞վ եմ ես ձեզ համար, ո՞վ եք դուք ինձ համար։— Օտարներ։ Եթե մեր մեջ կար մի ազգակցական կապ, այն էլ հայտնի է ձեզ, քանդվեց — ձեր ամուսնու քրոջ աղջիկը այժմ իմ կինը չէ։ Ուրեմն ի՞նչ եք պահանջում, ասացեք։

— Դուք եք ինձ անբախտացնողը, դուք էլ պետք է ազատեք ինձ այս դրությունից:

Բարաթյանը, ուսերը թոթվելով, ժպտաց և կծու հեգնությամբ պատասխանեց.

— Երբ երկու մարդ իրանց հաճույքի համար գողանում են ուրիշների պատիվը և իրանք են զրկվում պատվից ոչ մեկը իրավունք չունե մյուսին մեղադրելու։ Մեր մեղքերը հավասար են, երկուսս էլ հանցավոր ենք։ Եթե դուք անբախտ եք, ես էլ շատ բախտավոր չեմ։ Ձեռք վերցնենք միմյանցից,