Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողնենք մեր սխալները և մեր անունը ազատենք մարդկանց բամբասանքից։

— Ազատենք մեր անունը , հա', հա', հա՛, ազատենք, հա', հա' հա…

Եվ այրին մի րոպեաչափ իստերիկական ծիծաղից բազկաթոռի մեջ երերվելով, ձեռներով ճմլում էր բատիստյա թաշկինակը։ Վերջապես, նա մի քիչ խաղաղվեց, նորից կատաղեց և խեղդված ձայնով գոչեց.

— Խաբեբա…

— Տիկի՛ն…

Արտասանելով վիրավորական բառը, այրին դարձյալ փոխվեց։ Կարծես, նույն վայրկյանին զղջաց, որ այնքան հեռու գնաց։ Նրա շունչը սկսեց սպառվել, կուրծքը ուժգին բարձրացավ, կոկորդի բարակ, կապույտ թափանցիկ երակները փքվեցին։ Նա սկսեց հեկեկալ, արտասանելով. «Ես անբախտ եմ… ես ատելի եմ… խայտառակված…»։

Մի րոպե Բարաթյանը խղճաց այրիին։ Բայց կրկին նայեց նրա երեսին, ձեռների երկար մատներին և նորից ատելությունը շարժվեց նրա սրտում։ Այդ կինը, որ մի ժամանակ այնպես կուրացրել էր նրան, այժմ թվում էր հրող, ատելի և զզվելի մի էակ։

Այրին արտասուքը սրբեց։ Նա այլևս առաջվանը չէր։ Խեղճացած, ընկճված, նա սկսեց աղերսել Բարաթյանին, որ կամ ինքը օգնի կամ որևէ ելք ցույց տա այժմյան դրությունից դուրս գալու։ Նա կվարձատրե նրան առատ ձեռքով, կտա նրան ժառանգության մի մասը, քառորդը, մինչև անգամ ամբողջ կեսը, միայն թե ինքը յուր գլխի տերը լինի։

Մի քանի վայրկյան տիկնոջ խոստացած կաշառը գրավեց Բարաթյանին։ Եթե նրա ձեռքը անցնի Բախտամյանի ժառանգության տասներորդ մասն անգամ, նա կրկնակի կհարստանա։ Նա մտատանջության մեջ ընկավ, տատանվեց, եղավ մի վայրկյան, երբ կամեցավ խոսք տալ այրիին օգնելու։ Բայց նորից հիշեց այն ծանր պատասխանատվությունը, որ պետք է հանձն առներ, նորից պատկերացավ նրա առջև դատաստանի սոսկալի պերսպեկտիվը, հասարակական կարծիքի ճնշող ծանրությունը, և նա ցնցվեց։ Ոչ, ոչ, նա այդ