Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն հասարակության, որին բախտի բերմամբ պատկանում ես։ ՉԷ՞ որ այս հասարակությունն էլ ամբողջի մասնիկն է, չէ՞ որ ամեն մի անհատ նախ յուր ընտանիքի անդամն է, ապա յուր ժողովրդի, ապա մարդկության։ Եթե ազգի համար ներելի է մոռանալ ծնողներ, ընտանիք, ինչո՞ւ ներելի չէ մոռանալ և՛ ազգին, այդ փոքրիկ մասնավորին, խոշոր ընդհանուրի համար։ Միթե մարդը մարդ չի՞ մնում ամեն մի շրջանում, միթե մի հողից մյուսը տեղափոխվելով զրկվո՞ւմ է յուր արժանավորություններից։

«Կթողնեմ այս տգետ, խավար շրջանը և ինձ համար կընտրեմ մի առողջարար և կենսատու շրջան, ուր կարող եմ ազատ շնչել, գործել և գնահատվել...»։

Այսպես էր մտածում նա սկզբում։ Բայց շուտով նրա գլխում ծագեցին ուրիշ մտքեր, որ եկան հերքելու և ոչնչացնելու այդ բոլորը։ Նա տեսավ, որ յուր դատողությունները հիմնում է մի տեսակ սոփեստության վրա։ Նա զգաց, որ կամենալով փախչել մայրենի շրջանից, աշխատում է ոչ միայն յուր փախուստը արդարացնել շաբլոնական գաղափարներով, այլև նրանից ստեղծել մի ինչ-որ բարոյական սկզբունք։

Չէ՞ որ առաջ հենց ինքը պնդում էր, թե առանց մասնավորի չկա ընդհանուր երջանկություն։ Միթե տմարդություն չի՞ լինիլ թողնել մի անբախտ ժողովուրդ, երես դարձնել նրանից, և ինչո՞ւ։ Այն պատճառով, որ այդ ժողովրդի դեմքը տգե՞ղ է, այլանդա՞կ, դարերի ընթացքում կրած զրկանքներից աղավաղվա՞ծ։ Եվ ո՞ր խելացի օտարը գրկաբաց կընդունի յուր հարազատ շրջանից փախած մարդուն. ո՞վ կարդարացնի այն որդուն, որ յուր քաղցած, հիվանդ հորը երեսի վրա ձգելով, կգնա սպասավորելու մի հարուստ ազգականի, որ իսկի կարոտ էլ չէ նրա օգնությանը։

«Վերջապես, ես ի՞նչ մեծ տառապանք քաշեցի, որ այսպես վհատվում եմ։ Ծիծաղելի չի՞ լինիլ արդյոք ինքս ինձ նահատակ համարեմ այն ժամանակ, երբ իմ գլուխը դեռ շատ և շատ հեռու է փշյա պսակին արժանանալուց...»։

Կապեցին նրա ճանապարհը այստեղ, մի ուրիշ տեղ ճանապարհ կգտնի։ Միայն նեխված ճահիճն է մնում միևնույն