Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իզուր տեղը աղմուկ հանել։ Կանցնի, կմոռացվի, ինչպես ամեն բան անցնում է և մոռացվում աշխարհի երեսին…

Եվ յուր հուզմունքը խեղդելու համար նա վառեց մի ծխախոտ, սկսեց արագ-արագ ծխել: Նա նստեց առաջին պատահած կառքը և կառապանին հրամայեց քշել հեռու, հեռու, թեկուզ քաղաքից դուրս։ Պետք է մի փոքր զբոսնել, հանգստանալ, ցրել ծանր մտքերը։

Մի ժամ անցած նա մտավ կլուբ։ Նա ձգեց վերարկուն սպասավորի վրա, շտապով մոտեցավ հայելուն իբրև թե փողկապը ուղղելու համար։ Ապտակի ոչ մի հետք, ոչ մի նշան չի մնացել նրա կլորիկ, մսալի երեսի վրա։ Նա կարող է ապահով երևալ մարդկանց մեջ։ Նա հանդարտ քայլերով բարձրացավ սանդուղքով և սովորական քաղցր ժպիտը երեսին բարևեց յուր ծանոթներին ու բարեկամներին։



XI


Գարնան առաջին օրերը հասնելուն պես Դիմաքսյանի գլխում միտք հղացավ թողնել ամեն ինչ և հեռանալ մի որևէ տեղ։ Նա տեսնում էր, որ քանի հասարակությունը սկսել է կասկածով նայել նրա վրա — ոչ մի գործի չի կարող ձեռնարկել և քանի Գայանեի պատկերը հալածում է նրան — ոչ մի բանի մասին հանգիստ և լուրջ մտածել չի կարող։

Մինչդեռ անգործությունը գրգռում էր նրա նյարդերը և ավելի հիվանդացնում։ Մանավանդ վրդովվում էր նա, մտածելով, թե որքան անզոր է յուր սրտի մի զգացումը զսպելու խելքի ուժով։ Ինչո՞ւ, մի՞թե նա այնքան տկար է, որ չի կարող բռնանալ յուր հոգու վրա, կեղծել, ստել և բուռն սիրով տոգորված մարդու փոխարեն հարգող բարեկամ ձևանալ, կամ ոչ այս լինել, ոչ այն։

Սկզբում նա մտածեց ուղևորվել Եվրոպա, և այն մտքով, որ այլևս այնտեղից չվերադառնա։ Նա ազատ է, անկախ, մենակ և նյութապես ապահով։ Կգնա մի որևէ քաղաքակիրթ երկիր, կսկսի պարապվել գիտություններով և մի ազգի համար աշխատելու փոխարեն — կաշխատի ամբողջ մարդկության օգտին։ Ի՛նչ նախապաշարմունք՝ ծառայել անպատճառ