Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ ուղիով, Տիկին Սալամբեկյանը հրավիրեց Դիմաքսյանին թեյի, բժիշկը թախանձեց, և նա հրավերը ընդունեց։

Երբ նրանք ներս մտան, Գայանեն դեռ կանգնած էր պատշգամբի վրա ձեռին մի հեռադիտակ բռնած։ Նա ասաց, թե հեռվից դիտում էր Սալամբեկյաններին և նկատեց, որ մի երրորդ անձ մոտեցավ նրանց։ Օվսաննան բժշկին տվեց մի այցետոմս, ասելով, թե կես ժամ առաջ մի անծանոթ մարդ բերեց։

— Իմ հիվանդներից մեկն է ուղարկել,— ասաց բժիշկը և շտապեց գնալ, խնդրելով Դիմաքսյանին, որ նա մնա մինչև յուր վերադարձը։

Օրը մթնում էր, արևը արդեն մայր էր մտել և նրա վերջին ճառագայթները անդրադառնում էին երկնակամարի վրա։ Ընդարձակ և մաքուր բակում տարածվել էր մեղմ իրիկնային զովը։ Օվսաննան, տիկին Սալամբեկյանը, Գայանեն և Դիմաքսյանը նստած էին պատշգամբի վրա՝ մի փոքրիկ շրջան կազմած։ Գայանեն պատասխանում էր Դիմաքսյանի հարցերին յուր ուսումնարանի մասին։ Նա արդեն թույլտվություն էր ստացել և առաջիկա աշնանը պետք է գործը սկսեր։ Վճռել էր ուսումնարանը բաց անել քաղաքի աղքատ թաղերից մեկում, մի եկեղեցու գավթում, չքավոր դասի աղջկանց համար։ Դպրոցի շինությունը պատրաստ էր, հարկավոր էր միայն մի փոքր նրան վերանորոգել։ Ուսումը պետք է ավանդվեր ձրի։ Ինքը Գայանեն պեաք է հանձն առներ ուսուցչուհիներից մեկի պաշտոնը։ Նա ասում էր, թե գիմնազիոնում ուսածից շատ բան մոռացել է և պետք է ամառվա ընթացքում պարապվի մոռացածները հիշելու համար։

Դիմաքսյանը թեև խոսակցում էր նույն բանի մասին, բայց միտքը շատ հեռու էր խոսակցության նյութից, և կարելի էր կարծել, որ նա ձանձրանում է։

Տիկին Սալամբեկյանը գնաց յուր գիշերօթիկ սաներին նայելու։ Օվսաննան հետևեց նրան, որ աղախնին հրամայե սամովարը դնելու։

Գայանեն և Դիմաքսյանը մնացին դեմուդեմ մենակ։ Բակի մի անկյունում փայլեց մի դեղնագույն բան և ծառայի