վառած լապտերի շողքերը տարածվեցին կարմիր աղյուսի փոշիով հարթած գետնի վրա։
Մի ինչ-որ ծանր, բայց ախորժելի զգացում տիրեց Դիմաքսյանի սրտին։ Ուրախություն էր այդ, թե թախիծ — չգիտեր։ Մերթ նայում էր Գայանեի կիսով չափ լուսավորված դեմքին, մերթ դեպի բակը։ Երբեմն աջ ձեռով սեղմում էր յուր ճակատը, կարծես, յուր գլխից մի միտք հեռացնելու համար։
Գայանեն խոսում էր միայն լուռ չմնալու համար — եղանակի զովության, անցած ձմեռվա ցրտերի, առաջիկա շոգերի մասին։
Դիմաքսյանը նրա ոչ մի խոսքը անուշադիր չէր թողնում, բայց և ոչ մի խոսքով չէր հետաքրքրվում։ Նա զգում էր, որ փոքր առ փոքր կորցնում է յուր սառնությունը։ Նա ցանկանում էր շուտով տիկին Սալամբեկյանը կամ Օվսաննան դուրս գային պատշգամբ, բայց միևնույն ժամանակ, ուրախ էր, որ ոչ մեկը դեռ չի երևում։
Մի վայրկյան նա ուզեց տեղից վեր կենալ, հրաժեշտ տալ, հեռանալ և, կարծես, փախչել մի նախազգուշացվող վտանգից։ Բայց մի ուրիշ զգացում նրան բևեռել էր աթոռի վրա և չէր թողնում տեղից շարժվել։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել և հազիվ կարողանում էր զսպել իրան, որպեսզի չարտահայտի այն, ինչ որ անհաղթելի ուժով ձգտում էր ինքն իրան արտահայտելու։
Նա նկատեց, որ Գայանեն ուզում է վեր կենալ, կամ գուցե այսպես թվաց նրան։ Նա ինքը ոտքի կանգնեց, չգիտեր ինչու համար, և բնազդումով նայեց չորս կողմ։ Ոչ ոք չկար, ոչ մի ձայն չէր լսվում կամ գոնե նա ինքը չէր լսում, բացի յուր սրտի բաբախումից, որ քանի գնում այնքան սաստկանում էր։
— Եղանակը ցրտանում է, դուք չե՞ք մրսիլ,— ասաց նա և իսկույն փոշմանեց, որ ասաց, որովհետև ինքն յուր ձայնի մեջ զգաց կեղծ, անախորժ հնչյուն։
Գայանեն պատասխանեց, թե այո՛, եղանակը ցրտեց և պետք է ներս գնալ։ Եվ նա կամենում էր ոտքի կանգնեք, երբ լսեց.