Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապտագույն կտորից կարած մի եռանկյունի կապոց էր լուցկիի տուփից քիչ փոքր:

— Այդ ի՞նչ է։

— Սուրբ Գևորգի մարմնի փոշին է, չարը խափանելու համար, շատ թանկ բան է...

Դիմաքսյանը գլուխը ներողամտաբար շարժելով, բարեկամական հանդիմանությամբ ասաց.

— Սիրական, դո՞ւ էլ ուրիշների պես հավատացած ես, որ ես խելագարվել եմ։

Սիրականն ամաչելով գլուխը թեքեց կրծքին։ Պարզ էր, որ նա հավատում էր տարածված լուրին։ Հետաքրքրական էր Դիմաքսյանի համար իմանալ՝ ի՞նչ փաստերի հիման վրա է այդ մարդը նրան խելագար համարում։

— Ասա՛ ինձ, Սիրական, տեսե՞լ ես ինձ գժություն անելիս։

Սիրականն աշխատեց խույս տալ ուղիղ պատասխանից։ Բայց երբ Դիմաքսյանը ստիպեց, նրա շրթունքները սեղմվեցին, շիլ աչքերի մեջ երևաց մի խորին ցավակցության արտահայտություն։ Նա պատմեց մի քանի բաներ, որ նկատել էր Դիմաքսյանի կողմից և որ երբեմն վախեցրել էին նրան։ Օրինակ, մենակ ժամանակ նա ինքն յուր հետ շատ անգամ խոսում է, զանազան շարժումներ է անում...

— Բայց ես խոմ ընկնավոր չե՞մ։

— Չէ, աղա, աստված ո՛չ անի, որ այդ փորձանքին հասնես, դա ուրիշ բան է, բայց...

Նա չկամեցավ շարունակել, տատանվեց։

— Ասա, ասա, է՞լ ինչ ես տեսել։

Ծառան զգուշությամբ ակնարկեց այն չարագուշակ գիշերվա դեպքը, երբ Դիմաքսյանը սաստիկ տենդի մեջ էր։ Բոլորը, ինչ-որ նա արել էր այդ գիշեր և խոսել, Սիրականը հիշում էր։ Այնինչ՝ ինքը ոչինչ չէր մտաբերում, բացի նրանից, որ մահամերձ հիվանդ էր եղել։ Առողջանալուց հետո նա մի անգամ հարցրել էր հայելու մասին: Մսերյանը պատասխանել էր, թե ինքն է անզգուշությամբ կոտրել, և նա հավատացել էր։