Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ դու այժմ ուզում ես ինձ չարից փրկե՞լ,— գոչեց Դիմաքսյանը ոչ այնքան բարկացած, որքան կատակով։

— Աղաչում եմ, որ այս բանը վզիդ քաշ տաս...

— Գիտես ինչ, Սիրական, դու ինձ բավական զբաղեցրիր ես տխուր էի, շատ տխուր, մտքերս ցրվեցին, շնորհակալ եմ։ Դու բարի մարդ ես, Սիրական, անկեղծ ես, իսկ ես անկեղծ մարդկանց սիրում եմ։ Բայց այդ կապոցը, չնեղանաս ինձանից, ես վզիս քաշ տալ չեմ կարող...

Նա ձեռքով մի դրական շարժում արեց, որ ցույց էր տալիս, թե այլևս չի ուզում խոսել։

Սիրականը լաթի կտորը ծոցը դնելով, դուրս եկավ սենյակից։

Մի դառն և կծու ծիծաղ դուրս թռավ Դիմաքսյանի կրծքից և նա արտասանեց.

«Ողորմելի ամբոխ, թշվա՛ռ ամբոխ, քանի որ մենք քեզ չենք ուզում կրթել, դու ինքդ ես ուզում մեզ կրթել...»։



XIII



Գրեթե ամբողջ գիշեր Գայանեն չկարողացավ քնել պատահած անցքի տպավորությանը ենթարկված։ Նրա ականջին շարունակ հնչում էր Դիմաքսյանի հուսահատ ձայնը։ «Միթե չե՞ք տեսնում, թե ինչպես տանջվում եմ ես...»:

Նա վիրավորված չէր, այլ վշտացած։ Նա չէր մեղադրում Դիմաքսյանին և ոչ էլ վրդովված էր նրա դեմ։ Ինչպե՛ս կարող էր իրան զսպել, քանի որ սիրում է, իսկ թե սիրում է — մի՞թե այդ վաղուց հայտնի չէր Գայանեին։ Բայց ինչո՞ւ նա այնքան հուսահատված էր և հենց առաջին խոսքն արտասանեց հուսահատ ձայնով։

«Մի՞թե նա բոլորովին համոզված էր, որ յուր սերը ուրիշ ոչ մի արձագանք չի գտնում իմ սրտում բացի բարեկամական զգացմունքից։ Վերջապես, ես ինքս կարո՞ղ եմ հաստատ ասել, թե այդ մարդուն միայն հարգում եմ։ Եթե այդպես լիներ, մի՞թե չէի աշխատիլ ժամանակին նրան ինձանից հեռացնել։ Իսկ ես ի՞նչ արեցի, ի՞նչ արեցի. ոչ մի անգամ նրան չզգուշացրի, ոչ մի անգամ... Այժմ ես ի՞նչ