Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սոփիո, բավական է։

Ոչ նրա սուր հայացքը, ոչ ձայնի սաստողական հնչյունը չունեցան ցանկալի ներգործություն։ Ընդհակառակը Սոփիոն ավելի գրգռվեց։

— Ասում եմ էլի, տա՛ր քո եղբոր որդիների համար ծախսիր,— կրկնեց նա, ձեռը խփելով սեղանի ծայրին,— չեմ ուզում, ոչ ես, ոչ իմ աղջիկը կարոտ չենք քո ողորմությանդ։ Նրանց ուտեցրու, հագցրու, նրանց պահիր իշխանի որդիների պես ու ինձ ասա. «Ծախսերդ պակասեցրու»։ Պակասեցնե՞մ։ Լավ։ Համեցե'ք. առաջ դու դուրս բեր այդ ձրիակերներին իմ տնից, հետո ինձանից պահանջի՛ր։

— Իմ եղբոր զավակները ձրիակերներ չեն, նրանք ապրում են իրանց հոր փողով, խստորեն և հանդարտ արտասանեց Նիկողայոսը։— Ես նրանց իրավունք չունիմ այս տնից դուրս բերելու, քանի որ… նրանց ժառանգությունը իմ մոտ է։ Եթե ուզում ես դուրս բերել, գտիր ու տուր քառասուն հազարը, նրանք, առանց քո ասելու էլ, կգնան…

— Այ գրողը տանի նրանց մի քանի հազար թումանը, ինչպես որ տարել է,— ընդհատեց Սոփիոն և ավելի ու ավելի գրգռվելով, շարունակեց նույն եղանակով։— Միայն Մարամի վրա ավելի է ծախսվել, քան նրա հոր թողածը, իսկ Ռուբե՞նը, որ ութ տարի ուսում է առել։ Ոչ, ոչ, բավական է, պետք է ճանապարհ դնել նրանց, թե ոչ, վերջին չքավորության կհասցնեն Սոփիոյին ու նրա զավակներին։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է մեր ժամանակում յուր հարազատներին թողած, եղբոր որբերի համար գլուխ կոտրում։ Սև լիներ այն օրը, երբ Մարիամը ոտ դրեց Սոփիոյի տունը։ Այն օրից Նատոյի բախտն էլ կապվեց, տարին տարիի հետևից անցնում է, նա պառավում է, չկա մի օրինավոր մարդ, որ նրա վրա աչք դնի։ Մարիամը կապել է նրա ճանապարհը. ով ասես, նրա վրա է ուշադրություն դարձնում։ Ինչո՞ւ…

Այս ասելով, տիկինը կրկին նստեց գրասեղանի մոտ և աչքերը տնկեց Նիկողայոսի երեսին։ Նրա բարակ շրթունքը կապտել էին, թեթև դողդողում էին։ Թվում էր, որ սպասում էր մի թույլ հակաճառության, և այն ժամանակ պատրաստ էր ավելի կատաղել։