Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն Նիկողայոսը չխոսեց։ Նա նայեց ժամացույցին, շտապելով հավաքեց հաշվեթղթերը, վերցրեց սեղանի վրա ընկած հարյուրանոց թղթադրամը, փակեց սեղանի արկղիկում, բանալին գրպանը դրեց և վեր կացավ տեղից, ասելով.

— Վաղը կստանաս ուզածդ, այժմ չունեմ։

Նույն վայրկյանին հանկարծ նրա դեմքը տարօրինակ այլայլվեց։ Նա բռունցքը սեղմած խփեց սեղանին և խեղդուկ ձայնով գոչեց.

— Սնանկացրիր ինձ, սնանկացրիր...

Գոչեց և արագ քայլերով դեպի դուրս շտապեց, դռները ուժգնակի ծածկելով յուր հետևից։

Տիկին Սոփիոն ապշած նայեց նրա հետևից։

— Այդ մարդը խելքը կորցրել է,— ասաց նա լսելի ձայնով,— մի քանի մանեթի համար այդքան կատաղե՜լ... Կոպիտ, անտաշ, այսուհետև իշխան Սահարունիի աղջկա հետ պիտի այդպես վարվե՜ս... Սպասի՛ր, ես քեզ ցույց կտամ, թե ով եմ...

Կեսօրվա երկու ժամից անց Նիկողայոսր վերադարձավ տուն, հետը բերելով յուր հյուրերին։ Հալաբյանը ներս մտավ սովորական զվարթ տրամադրությամբ։ Իբրև վաղուցվա ծանոթ, նա այնքան ընտելացել էր Սադափյանների ընտանիքին, որ այցերի ժամանակ մի առանձին ձևականություն չէր պահպանում։ Եվ այդ շատ հավանելի էր Նիկողայոսին։

Տիկին Սոփիոն ընդունեց նրան ուրախ ժպիտը երեսին և հանդիմանեց բարեկամաբար, որ ուշ-ուշ է այցելում։

Ամբողջ մի տարի էր, որ նա Հալաբյանին յուր մտքում Նատալիայի համար փեսացու էր ընտրել։ Այս ընտրությունը պայմանավոր էր։ Այն օրից, երբ տիկնոջ հույսերը թուլացան ավելի արժանավորին գտնելու, սկսեց զիջումներ անել և ի վերջո նրա ուշումիտքը կանգ առան թերմաշ ամուրիի վրա։ Հալաբյանը, եթե սպա չէր, եթե մի մեծ պաշտոնյա չէր, փող և դիրք ուներ։ Եվ Սոփիոն քանի մտածում էր այս մասին, այնքան ամուրին բարձրանում էր նրա աչքում: Այս առթիվ նա մի օր խոսեց յուր աղջկա հետ և ուրախությամբ տեսավ, որ Նատալիան ոչ միայն ընդդիմադրություն չի տալիս, այլև, կարծես, ուրախ է։