նույնը պահանջի։ Եթե նա սիրում է բարձր սիրով և ոչ լոկ յուր եսի խորությունից — անշուշտ կհասկանա յուր սիրածի վիճակը։
«Ի՛նչ, միթե նա չի՞ հարգիլ իմ մայրական զգացումները, միթե չի՞ մտածիլ, որ եթե ես չմերժեի — պետք է զրկվեի երեխաներիցս։ Զրկվել երեխաների՞ց։ Ոչ, ոչ, այդ ես չեմ կարող անել, երբեք, ես առանց նրանց չեմ կարող ապրել…»։
Արմունկները պատշգամբի վանդակապատին հենած՝ նա կանգնած էր ուղիղ այնտեղ, ուր երեք օր առաջ Դիմաքսյանն արտահայտեց յուր սրտի զգացումը։ Նա նայում էր ցած, դեպի գավիթ, ուր խաղում էր չորսից մինչև տասը տարեկան մանուկների և աղջիկների մի մեծ խումբ։ Օդի բյուրեղյա հստակությունը, ծիծեռնակների ծլվլոցը և երեխաների պայծառ, մետաղահնչյուն ձայները կարոտ մոր սիրտը լցնում էին ճնշող զգացումներով։ Ինչո՞ւ նրա փոքրիկները չկան այդ զվարթ խմբի մեջ։
Յոթ օր էր անցել նրանցից բաժանվելուց, դառն և տաղտկալի օրեր, որ յոթ ամսվա չափ երկար էին տևել։ Կտեսնվի՞ արդյոք նրանց հետ դարձյալ, թե՞ այդ վերջին անգամն էր։ Մի վայրկյան նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե նա յուր ծանր խաչը կրեր զավակների սիրո և նրանց հետ ապրելու համար։ Բայց հենց նույն վայրկյանին նա հիշեց անցկացրած տարիները, և կրկին նրա աչքի առջև պատկերացավ խաբված, անարգված և պատվի զոհ դարձած ծերունին։ Եվ նա ավելի սաստիկ նողկանք զգաց դեպի յուր անցյալը։ Երբեք նա չպիտի փոշմանի յուր արած քայլի մասին։ Թող մարդիկ դատապարտեն, բայց նա յուր խղճի առջև արդար է։ Թող զավակների կարոտը ցեցի պես ուտի նրա սիրտը, մեռցնի, բայց չէր կարող ապրել այն մարդու հետ։
Նա երեսը հետ դարձրեց գավթից և աչքերը գաղտուկ սրբեց։ Նա չէր ուզում, որ յուր արտասուքը նկատեն տիկին Սալամբեկյանը և Օվսաննան, որ այդ միջոցին ներքևում ղեկավարում էին փոքրիկ սաների խաղերը։ Իսկ մանկական ձայները քանի գնում այնքան ավելի զվարթ էին հնչում, իսկ գարնանային օդը քանի գնում, այնքան ավելի տաքանում էր