Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ապրելու, երջանիկ ապրելու ցանկությունը բորբոքում մարդու սրտում։

Տիկին Սալամբեկյանը վերջացրեց յուր պարապմունքը սաների հետ, բարձրացավ վերև, մոտեցավ Գայանեին, բռնեց նրա թևից և տարավ սեղանատուն։ Նա դեռ տեղեկություն չուներ վերջին դեպքի մասին։ Տեսնելով Գայանեի կարմրած աչքերը, նա սկսեց ընկերաբար հանդիմանել.

— Եթե դու այդպես շարունակես, կարճ ժամանակում կյանքդ բոլորովին կմաշես։ Չպետք է լիներ, բայց որ պատահեց, մի՞թե ինքդ քեզ պիտի սպանես։ Դու ոչ առաջինն ես, սիրելիս, ոչ էլ վերջինը կլինես, քեզ նման շատերը կան…

— Մի՞թե դու կարծում ես, որ ես իմ արածի մասին փոշմանել եմ։

— Երբեք չեմ կարծում։ Դու միայն երեխաների մասին ես հոգս անում։ Բայց քեզ խոմ նրանցից չեն զրկում, դու էլի խոմ տեսնվում ես նրանց հետ։

Այրի Բոլումբաշյանը սեղանատանը, պատրաստ սեղանի մոտ նստած, նախանձալի ախորժակով ոչնչացնում էր յուղապատառները։ Մյուս սենյակից հիվանդի ծանր տնքտնքոցի ձայն էր լսվում։ Դա տիկին Սալամբեկյանի տատն էր, որ մեռնում էր մեռնում և դեռ կենդանի էր, տանջելով շրջապատողներին և չկամենալով կյանքից բաժանվել։

Այրին Գայանեին նստեցրեց յուր մոտ և նույնպես հանդիմանեց։ Նրա ասելով Գայանեն այժմ ավելի բախտավոր է, քան առաջ։ Այդ ամուսին ասած արարածները իրանց կանանց վերաբերմամբ առհասարակ շատ գարշելի են, իսկի չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել։

— Խելոք կնիկը նա է, ով որ յուր մարդու մեկ արածի տեղ երկուսն է անում նրան խելքի բերելու համար։ Հավատա՛, հոգիս, մարդն այն կնկան է սիրում, որը նրա գլխատակը փափուկ բարձ է դնում, քնացնում ու հետո ինքն յուր ուզածն անում։ Ինչքան քիչ մտածես, այնքան բախտավոր կլինիս։ Ականջներդ փակիր ու քեֆդ տվածի պես պար եկ, այն ժամանակ կասեմ «ապրես»։ Երեխանե՞րը, ի՛հ, նրանց մասին էլ չարժե մտածել, տեսնո՞ւմ ես ինձ, շատ ուրախ եմ, որ երեխաներ չունեմ, գլուխս ցավերից ազատ է։