քննադատել յուր ընկերոջ ուղղությունը։ Արդյոք, ծայրահեղ արմատական չէ՞, ինչո՞ւ ամբողջ հասարակությունն յուր դեմ ոտքի է կանգնեցնում, միթե չի՞ կարող ավելի խաղաղ գործել։
Նա մտածում էր և՛ Գայանեի մասին, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը և գիտեր, որ այդ կարելի է միայն զավակներին իրանց մորը վերադարձնելով։ Հաճախ նա խոսում էր Վեքիլյանի հետ, խնդրելով սրան միջնորդել Բարաթյանի մոտ։ Բայց օրենսգետ իրավաբանը այս դեպքում ոչ մի «արդարացուցիչ» պատճառ չէր ուզում ընդունել, բացի օրենքի տառացի մտքից։ Կինն յուր կամքով է հեռացել մարդուց, երեխաները օրենքով հորն են պատկանում։ Դրա դեմ ոչինչ չի կարելի անել։
Երբեմն բժիշկը փողոցում հանդիպում էր Բարաթյանին։ Նրանք շատ սառն բարևում էին միմյանց և անցնում։ Մի անգամ նա մոտեցավ յուր նախկին ընկերոջը, կամենալով անպատճառ իմանալ նրա մտադրությունը երեխաների վերաբերմամբ։ Բարաթյանը նախ շատ անտարբեր ընդունեց նրա ակնարկները, ապա սկսեց յուր դրությունը բացատրել։ Նա ոչ իրան է մեղադրում, ոչ Գայանեին։ Հայացքների «տարբերություն» — ահա այն գլխավոր պատճառը, որ բաժանեց նրանց միմյանցից։
— Ես ոչինչ ոխ չունիմ այդ կնոջ դեմ և հոգով֊սրտով ցանկանում եմ, որ նա բախտավոր լինի, առանց ամուսնի, առանց երեխաների։
— Բայց առանց երեխաների նա դժբախտ է, մի՞թե մտադիր ես միշտ նրան զրկած պահել յուր զավակներից,— հարցրեց բժիշկը։
— Ես մի անգամ ուղարկեցի, էլի, երևի, կուղարկեմ մի ժամով, կես ժամով։
— Այդ շատ քիչ է, դու պետք է ավելի բարեսիրտ վարվես։
— Այդ մասին ոչ մի խոսք, երեխաները ինձ են պատկանում, իրավունք ունիմ բոլորովին չուղարկել։
Բժիշկը չկարողացավ հակառակել և հեռացավ վիրավորված։