Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խոսակցությունից մի քանի օր անցած Բարաթյանը կանգնեցրեց նրան փողոցում, և մի կողմ տանելով, հայտնեց յուր վճիռը.

— Գիտես, ես իմ երեխաներին սիրում եմ, չեմ ուզում, որ նրանք զուրկ մնան իրանց մորից։ Վճռեցի, որ նրանք մի ամիս իրանց մոր մոտ ապրեն, մի ամիս ինձ մոտ։ Բայց մի պայման եմ դնում. չլինի թե նա երեխաների սրտում իմ դեմ ատելություն զարթեցնի… այդ պատահում է։

— Գայանեն այնքան խելոք և բարի կին է,— պատասխանեց բժիշկը,— որ յուր երեխաների հոգին փչացնելու համար այդ բանը չի անիլ: Շնորհակալ եմ, ես իսկույն կշտապեմ քո վճիռը հայտնել նրան և ուրախացնել։

Երրորդ օրը Գայանեն յուր սենյակում լուսամուտի առջև նստած կար էր անում, յուր միտքը զբաղեցնելու համար։ Փողոցից նրա ականջին հասավ մի ծանոթ կանացի ձայն։ Նա գլուխը դուրս բերեց լուսամուտից, նայեց դուրս և իսկույն մի ուրախ ճիչ արձակեց, կարը ձեռից ձգելով։

Պառավ դայակը մի ձեռով բռնած հինգ տարեկան Թամարի, մյուսով երեք և կես տարեկան Լևոնի ձեռքը, զվարթ դեմքով սանդուղքով բարձրանում էր։ Ուրախությունից նրա լեզուն անատամ լնդերքի միջից դուրս էր ընկել, և նա հազիվհազ շունչ էր առնում, շտապելով ուրախացնել կարոտած մորը։

Գայանեն սեղմեց կրծքին երկուսին միասին և երկար ժամանակ համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կրկնելով.

— Վերջապե՛ս, վերջապես…

Երբ նա յուր սրտի փափագը մի փոքր հագեցրեց, դայակը հառաչելով հաղորդեց, թե անդամալույծ Գերասիմ Գերասիմիչը առավոտյան լուսաբացին հոգին ավանդել է։ Լուրը Գայանեի վրա տպավորություն չգործեց, այնքան դեռ նրա միտքը զբաղված էր երեխաներով։

— Երեկ երեկոյան երեխաներին կանչեց, համբուրեց, մեկ մեկ օրհնեց։ Ձեր անունն էլ հիշեց, ձեզ էլ օրհնեց, աստված վկա, օրհնեց։ Ասաց, Ֆեոդորա, կասես հարսիս, ես օրհնում եմ, լավ կնիկ է, թող հաշտվի որդուս հետ…