Հետո պառավ դայակը ավելացրեց, թե երիտասարդ պարոնը հիվանդ է։ Վեց տարվա կենակցությունը զուր չէր անցել։ «Սովորություն» զգացումը Գայանեին չթողեց շատ էլ անտարբեր լսել այդ լուրը։ Բայց երբ դայակի պատասխաններից իմացավ, որ Բարաթյանի ցավը ուրիշ ոչինչ է, եթե ոչ այն ժառանգական հիվանդությունը, որ տարենը կամ երկու տարենը մի անգամ պարբերապես կրկնվում է — նա ձեռով մի բացասական շարժում արեց, մի շարժում, որ արտահայտում էր նրա պարզ զզվանքը, և գրկեց յուր Լևոնիկին։
Մի քանի օր նա ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի երեխաներից և ամբողջ ժամանակ նրանցով էր զբաղված։ Բայց անցան այդ օրերը, նրա սիրտը կշտացավ, և նորից նա սկսեց տխրել։ Ի՛նչ և լիներ, դրությունը անորոշ էր, չգիտեր ինչ ապագա է սպասում երեխաներին։
Գերասիմ Գերասիմիչի թաղման օրը նա մենակ նստած էր յուր սենյակում և հիշում էր անցկացրած դառն օրերը: Նա կրկին հուզվեց, կրկին արտասվեց և, գլուխը դնելով բարձին, սկսեց հեկեկալ։ Նա ողբում էր յուր քայքայված, խորտակված կյանքը և դժբախտ երիտասարդական օրերը։ Օ՜о, անցած կորած հույսեր, որ մի ժամանակ այնպես ոգևորում էիք նրան, միթե չպիտի՜ վերադառնաք։ Ինչո՞ւ նա այնպես մոլորվեց, ինչո՞ւ նա չունեցավ վեց տարի առաջ կյանքի մասին այն հայացքը, որ ունի այժմ։ Ինչո՞ւ չմտածեց, որ ընտանեկան երջանկությունը չպիտի որոնել ամուսնու ոչ արտաքին գեղեցկության, ոչ աշխարհային շուքի և փայլի, այլ նրա հոգեկան և բարոյական արժանավորությունների մեջ: Եվ այժմ, երբ նա կրում է յուր դառն սխալի պատիժը, երբ նրա աչքերը բացվել են, մի՞թե արհամարհի ամեն ինչ և ընկնի մի նոր երջանկության հետևից։ Ո՞ւր, ինչպե՞ս, մի՞թե աչքերը փակելով հասարակական օրենքների, արմատացած ավանդությունների և նախապաշարմունքների առջև, մի՞թե ապօրինի կենակցության մեջ որոնելով այդ երջանկությունը։ Ոչ, ոչ, դարձյալ ոչ, այդ անկարելի է, անհնարին, վճռապես այդ բարձր է նրա բարոյական ուժերից: Ուրեմն, հեռու՛ խաբուսիկ հուսեր, նա չի ուզում յուր սեփական բախտի համար զավակների վիճակը ենթարկել