էին յուր մորը։ Նա հագնվում էր անխառն եվրոպական տարազով— այսպես կամենում էր նրա ամուսինը, որ արքունական պաշտոնյա լինելով, մեծ մասամբ յուր օտարազգի պաշտոնակիցների շրջանում էր պտտում։
Նա մի քանի անգամ եղբորը համբուրելուց հետո, անմիջապես ծառային ուղարկեց յուր կրտսեր քրոջը կանչելու։ Կես ժամ անցած եկավ Արսենից չորս տարով փոքր Անիկը։ Երկու քույրերի արտաքինի, ինչպես և ներքին հատկանիշների մեջ կար խիստ տարբերություն։ Հասակով Անիկը ավելի բարձր էր, կազմվածքով խոշոր, թեև ոչ այնքան գեր։ Նրա երեսի գծերը կանացի փափկության հետ ունեին նաև մի ինչ֊որ ազդու տղամարդկային արտահայտություն։ Իսկ փոքր-ինչ լայն ծնոտը, սղմված շրթունքները հիշեցում էին Մարգար աղային։ Հետևելով յուր ավագ քրոջ օրինակին, նա նույնպես եվրոպական տարազով էր հագնվում։
Նա, գոնե արտաքուստ, մի առանձին ուրախություն ցույց չտվեց եղբորը տեսնելով։ Նա միայն մի անգամ համբուրվեց նրա հետ, հարցնելով.
— Լա՞վ ես։
Արսենը այս անգամ սովորականից ավելի հետաքրքրված հարցնում էր յուր քույրերի կենցաղավարության մասին։ Այնինչ՝ քույրերն ստիպում էին նրան պատմել յուր կյանքից։ Մարթայի աչքում նա և՛ նիհարել էր, և՛ ծերացել։ Սկզբում կատակով, ապա լրջորեն երկու քույր հանդիմանեցին իրանց միակ եղբորը, թե ինչու մինչև այժմ չի ամուսնացել։ Այս կողմից ավելի խիստ էր Մարթան։
— Ինչո՞ւ ես հորդ տունը անտեր թողնում,— ասում էր նա,— ինչո՞ւ մեզ չես ուզում ուրախացնել։ Աստծուն է հայտնի, սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն անգամ այս տան մոտով անց կենալիս։ Ես կարծում էի մի ավերակի մոտով եմ անց կենում։ Վերջը՝ էլ չհամբերեցի, եկա այստեղ ապրելու։ Խեղճ մայր, մտքովդ անց կկենա՞ր, որ քո մի հատիկ աչքի լույս որդին այսօր պետք է ծնողներից զուրկ, քույրերից հեռու, հոր տնից դուրս, ով գիտե ինչ երկրում կյանք անց կացնի։
Նրա ձայնը զգացվեց, աչքերը արտասվեցին։