Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՞թե ամուսնությունը շատ լավ բան է, որ ինձ էլ խորհուրդ եք տալիս ամուսնանալու,— հարցրեց Արսենը լոկ այն նպատակով, որ իմանա որքան յուր քույրերը երջանիկ են ընտանեկան կյանքում։

— Ամուսնությունը մի պարտք է, լավ — վատ, ամեն մեկը պարտավոր է կատարել,— պատասխանեց Մարթան։

— Բայց այդ պարտքը շատերին է թանկ նստում։ Դու ուրա՞խ ես, որ ամուսնացել ես։

— Ոչ ուրախ եմ, ոչ տխուր, բախտիցս գանգատվել չեմ կարող, ինչ որ ճակատիս գրված է, պետք է կատարվի։ Բայց էլի փառք աստուծո, երեխաներովս բախտավոր եմ։

— Իսկ դո՞ւ, Անիկ…

— Ինձ համար միևնույնն է։

— Մարդդ քեզ հետ լա՞վ է վարվում։

— Այդ մասին մի' հարցնիլ,— մեջ մտավ Մարթան ծիծաղելով,— Անիկը այն կանանցից չէ, որ յուր մարդու խոսքի տակ մնա…

Մի թեթև ժպիտ անցավ Անիկի դեմքով. պարզ էր, որ քրոջ ասածը նրան դուր եկավ։ Հոր չափ համառ և ինքնակամ՝ նա ընտանեկան կյանքում ձգտում էր կին-բռնակալի դեր կատարելու՝ սկսած այն օրից, երբ Արսենը տվեց նրան յուր ժառանգության մի մասը։ Որովհետև նրա ամուսինն էլ հեշտ հպատակվողներից չէր, ուստի երբեմն նրանց մեջ տեղի էին ունենում ընտանեկան խռովություններ։ Բայց երբեք այդ խռովությունները ծայրահեղության չէին հասնում, որովհետև մարդը միշտ զիջողություն էր անում, նախ՝ յուր ընտանեկան կյանքը շատ էլ չթունավորելու համար, երկրորդ՝ համոզված լինելով, որ յուր համառության տակ Անիկը ունի իսկապես բարի հոգի…

Շուտով եկավ Մարթայի ամուսինը պաշտոնական համազգեստով, կռնատակին բռնած մի մեծ պորտֆել։ Դա մի հաստափոր մարդ էր բարակ ոտներով։ Բարևելով Արսենին ռուսերեն լեզվով, որ քաղաքակրթության նշան էր համարում, նա մի քանի անգամ գրկեց նրան, զոչելով «նականեց, նականեց»… Եկավ և Անիկի ամուսինը, որ, հակառակ յուր