Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքի հոգևոր դպրոցում։ Հետո նա յուր մի վաճառական քեռիի օգնությամբ տեղափոխվել էր Թիֆլիս և մտել ռեալական դպրոց։ Պանդխտության մեջ երկու հայրենակից պատանիները ընկերացել էին և դեռ այդ ժամանակ արդեն նրանց ապագա հայացքների մեջ պարզվեց մի խիստ տարբերություն։

Մինչ Դիմաքսյանի երևակայությունը պատանեկան հասակում զարմանալի թռիչքներ էր անում, մինչ նա փայփայում էր մի իդեալ, որ քանի գնում այնքան զարգանում էր, հասունանում և բարդանում։ Հաբիգյանը, այդ լուռ, սառն և միշտ յուր դասերով զբաղված պատանին, հիանում էր յուր հայրենակցի իդեալով, բայց երբեք չէր հափշտակվում։ Ծնված և սնված լինելով գյուղական շրջանում, նա տեսել էր չքավորության դառնությունները և մասամբ փորձել յուր վրա։ Եվ յուր համար լռիկ կազմել էր մի ուրիշ, ուրույն գաղափար թե՛ յուր ապագայի և թե' առհասարակ կյանքի մասին, մի գաղափար, որի առջև նսեմանում էին և գրեթե ոչնչանում բոլոր մյուս գաղափարները։

Մարդկանց թշվառության հիմնաքարը նա համարում էր աղքատությունը։ Սրանից էին ծագում նաև տգիտությունը, փոխադարձ նախանձը, ատելությունը և թշվառությունը։ Երբ Դիմաքսյանը նրա մոտ ոգևորված խոսում էր ժողովրդի բարոյական վերածնության մասին, նա պնդում էր, թե ոչինչ վերածնություն չի կարելի մտցնել մի ժողովրդի մեջ, ուր մարդկանց ամբողջ ժամանակը և բոլոր հոգեկան ուժերը սպառվում են ստամոքսի համար։ Եվ ժողովուրդ ասելով, Հաբիգյանը միշտ աչքի առաջ ուներ յուր գյուղի համայնքը։ Այստեղ էր հիմք առել և այստեղից էր սկսվում նրա ամբողջ աշխարհայեցողությանը, որ շատերին թվում էր նեղ, սահմանափակ։ Եվ որքան նրա միտքը լուսավորվում էր, այնքան սիրտը մոտենում էր այդ համայնքին, մի բան, որ շատ քիչ գյուղացի ուսանողների մեջ է նկատվում։

Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանի երրորդ կուրսը նոր անցած, նա հիվանդացավ և ստիպվեց վերադաոնալ հայրենիք։ Քիչ ժամանակից հետո այստեղ բոլորովին կազդուրվեց, բայց հայրը չկամեցավ, որ նա նորից գնա հյուսիս: