Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ժամանակ նա վճռեց անպատճառ, ինչպես և լինի շարունակել յուր ուսումը արտասահմանում և թախանձեց հորը՝ ոչինչ չխնայել: Գյուղական համեստ քահանան, որ ինքը հազիվ գրել կարդալ գիտեր, հասկանում էր գիտության ուժը։ Նա գրավ դրեց յուր այգին, պարտքի մեջ ընկավ, որպեսզի յուր որդուն կրթված տեսնի։

Չորս տարի Հաբիգյանը արտասահմանում վարեց այնպիսի սուղ կյանք, որ ոչ մի աղքատ ուսանող չէր վարել։ Վերջապես, նա հասավ յուր նպատակին, վերադարձավ հայրենիք գյուղատնտեսական գիտությունների գործնական և տեսական պաշարով։ Նա սկսեց օգնել յուր եղբայրներին, որ պարապվում էին գինեգործությունով։ Բայց յուր մտադրությունները իրագործելու համար նրան պակասում էր մի բան — դրամագլուխ, որ ո՛չ նրա հայրը ուներ և ո՛չ եղբայրները ունեին։ Հենց այդ միջոցին Դիմաքսյանը հրավիրեց նրան յուր կալվածները կառավարելու, և նա ուրախությամբ ընդունեց այդ հրավերը։

— Արդյոք շա՞տ փող պետք է ուղարկեիր ինձ համար,— հարցրեց Դիմաքսյանը ժպտալով։

— Այնքան, ինչքան խոստացել էի նամակումս։

— Այդ ինձ բավական չէր լինի։ Իմ այստեղ գալուս մի պատճառն էլ այն է, որ քեզ համոզեմ՝ շատ էլ ժլատ չլինես իմ վերաբերմամբ։

— Ի՞նչ արած, ստիպված եմ ժլատ լինել։

— Ինչո՞ւ, միթե ես այդքան աղքատացե՞լ եմ։

— Դու աղքատ չես, բայց ես ուզում եմ, որ ավելի հարստանաս։

— Ապագայո՞ւմ։ Ո՛չ, ես այդ բանին համաձայն չեմ։ Լսի՛ր, Հաբիգյան, գուցե ես քո աչքում մի փոքր թեթևամիտ երևամ, բայց ուղիղն ասած, իմ նյութական ապագայի մասին ես բոլորովին չեմ մտածում։ Ինձ հարկավոր չեն ոչ խոշոր գումարներ և ոչ մեծ կալվածատիրոջ անուն, թեև, համաձայն եմ, փողը մեծ ուժ է մեր ժամանակում։

Հաբիգյանը, լավ ճանաչելով Դիմաքսյանին, ոչինչ չասաց։ Բայց գլուխը բացասական կերպով շարժեց, որ արտահայտում