հայտնելով նրան յուր շնորհակալությունը: Նա հիացած էր յուր կառավարչի աշխատասիրության վրա և, միևնույն ժամանակ, ուզում էր իմանալ նրա եռանդի դրդիչ գաղափարը: Նա չէր հավատում, թե խելոք, կրթված, եվրոպական քաղքակրթության ճաշակն առած մի երիտասարդ կարող է հոգեկան անթերի հաճույք գտնել լոկ նյութական գործունեության մեջ։ Նա ուզում էր համոզվել, որ Հաբիգյանի արտաքին գործնականության տակ թաքնված է մի հասարակական գաղափար, որ նա չի ուզում պարզել:
Մի շաբաթ անցած նա այցելեց մի քանի գյուղեր, ուր գտնվում էին նրա վարելահողերը։ Այս ճանապարհորդությունը տևեց երեք օր, և նա տուն վերադարձավ նորանոր տպավորությունների տակ։ Նա գիտեր գյուղական ժողովրդի մտավոր և տնտեսական վիճակը, բայց գիտեր ոչ այնքան գործնապես, որքան տեսականապես — գրքերի և լրագրների միջոցով: Ճշմարիտ է, մի քանի տարի առաջ նա ճանապարհորդեց Անդրկովկասի մի մասում, տեսավ գյուղեր, բայց արդյո՞ք այդ ժամանակվա նրա հոգեկան տրամադրությունն էր պատճառը, թե՞ մի ուրիշ բան, այդ մի ամսվա ընթացքում նրա համար չէր պարզվել գյուղացու դրությունը այնպես, ինչպես պարզվեց այժմ, երեք օրվա մեջ։
Եվ պարզողը Հաբիգյանն էր։ Գործնական մարդը նրա ուշադրությունը դարձրեց այն բոլոր առօրյա կարիքների վրա, որ կազմում էին մի ամբողջ ժողովրդի կյանքը։ Նրանք անցան մի գյուղով, որի բնակիչները հողի պակասությունից ազատվելու համար պատրաստ էին իրանց «հարազատ զավակներին գրավ դնել», ինչպես ասում էր Հաբիգյանը։ Անցան անբերրի, քարքարոտ հողերով, ուր գյուղացին գերբնական աշխատանք էր գործ դնում յուր օրական պարենը փաստակելու համար։ Մի գյուղից մի ուրիշ գյուղ անցնելու ժամանակ Հաբիգյանը ցույց տվեց խորդուբորդերով լի նեղ ուղին և նկարագրեց այն բոլոր վնասներն ու չարիքները, որ առաջանում էին կանոնավոր ճանապարհների բացակայությունից։
Ոչ մեկը նրանց այցելած գյուղերից ուսումնարան չուներ։ Երեխաները թափառում էին փողոցներում, խաղալով