Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորթերի, շների և հավերի հետ, մերկանդամ, գլխաբաց, ոտաբոբիկ։ Ամեն տեղ թագավորում էր մտավոր մթություն, մի թանձր, հուսահատեցուցիչ խավար, ուր ոչինչ և ոչինչ մխիթարական չէր նշմարվում։ Բայց արդյոք այդ խավարի մեջ դեգերվողները գոնե զգո՞ւմ են լուսո կարոտը։

— Ո՛չ,— պատասխանեց Հաբիգյանը դրական եղանակով,— նրանք միայն մի կարոտ են զգում — տնտեսական։

— Գուցե կարելի է հասկացնել նրանց, որ բացի չքավորությունից նրանք ունեն և մի ուրիշ թշնամի — տգիտությունը։

— Ես շատ անգամ եմ խոսել նրանց հետ այդ մասին, շատ եմ բացատրել գրագիտության նշանակությունը։ Նրանք միշտ լուռ ականջ են դնում այնպես, որ մարդ կարծում է համոզվեցին։ Բայց տեսնում ես, նայեցին միմյանց երեսին և հետո անտարբեր արտասանեցին. «Աղա, շատ լավ ես խոսում»։

— Ուրեմն համաձայնվո՞ւմ են։

— Այո՛, բայց պետք է տեսնել, թե ինչպես և ինչ եղանակով են ասում. «Աղա, շատ լավ ես խոսում»։ Կարծես, այդ խոսքերով մարդու գլխին սառը ջուր են ածում։ Պատահում է, որ ես մինչև անգամ բարկանում եմ նրանց վրա և գոռում. «Հիմարներ, դուք ձեր զավակների համար պետք է ուսումնարան պահեք»։ Բայց նրանք հարցնում են՝ «Բաս վարժապետի փողը ո՞րտեղից գտնենք»։ Եվ միայն այս հարցը ինձ միշտ նեղն է գցում, ես մտիկ եմ անում նրանց ողորմելի դեմքերին և կամա-ակամա լռում եմ։

— Ուրեմն քո կարծիքով ոչինչ միջոց չկա ժողովրդի մեջ լույս տարածելու,— գոչեց Դիմաքսյանը մի քիչ վրդովված Հաբիգյանի սառնասրտության դեմ։

— Ինչո՞ւ չէ, կա։

— Ո՞րն է։

— Իմ կարծիքով այն, որ մեր կրթված երիտասարդները մի փոքր օգնեն ժողովրդին, չփախչեն նրանից այնպես, ինչպես այժմ։

— Աա՜, դա շատ սովորական դարձված է։

— Բայց դա զուտ ճշմարտություն է։