Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ իրավ, քսանութամյա օրիորդը հարուստ ամուրիի մեջ տեսնում էր քանի մի հատկություններ, որ հավանել էին նրան։— Հալաբյանր տակավին ծեր չէ, նա ունի ծանր ու հպարտ գնացք, խրոխտ ու դուրս ցցված կուրծք, նա գիտե ճաշակով հագնվել, վայելուչ խոսել կանանց հետ, արժանավորությամբ պահել իրան հասարակական շրջաններում։ Փորձի համար Նատալիան մի անգամ պատկերացրեց իրան նրա հետ թև թևի տված մանգալիս և տեսավ, որ հեռվից նայողի մեջ մի այդ տեսակ զույգ կարող է հարգանք զարթեցնել։ Ինչ անենք, որ ճաղատ է Հալաբյանր, գլխի մազերը կանանց համար են զարդ, տղամարդը ճաղատ գլխով ավելի պատկառելի է: Իսկ նրա հարստությո՞ւնը, որի մասին օրիորդը մի փոքր առասպելական գաղափար ուներ։— Ահա այն ամենագլխավոր հրապույրը, որ բարձր էր նույնիսկ իշխանական ծագումից։ Նատալիան յուր օժիտը մի ամենաչնչին բան էր համարում այն ապրուստի համար, որ երազում էր տասնութ տարեկան հասակից սկսած։ Միայն Հալաբյանր կարող էր իրագործել այդ երազը.— գոնե այսպես էր մտածում օրիորդը։ Ահա ինչու նա բացարձակ հավանություն էր տալիս յուր մոր միտումներին։ Եվ մայրը, խրախուսված այս հավանությունից, ամեն կերպ աշխատում էր ձեռքից բաց չթողնել յուր որսը, որին նա վերջինն էր համարում, դիտելով դստեր հետզհետե թառամող դեմքը։

Հյուրերը գալուց մի քանի րոպե անցած ներս մտավ Նատալիան զուգված, զարդարված։ Հետո եկան Մարիամը ու Ռուրենը, և իշխան Սահարունիի զվարճախոսության շնորհիվ հյուրասենյակը աղմկեց։

Տիկին Սոփիոն նկատեց, որ Հալաբյանր միայն մի քանի րոպե ուշադիր եղավ դեպի յուր դուստրը, հետո ամուրին դարձավ Մարիամին և սկսեց նրա հետ խոսել: Նա ներքին հուզմունքից շրթունքները կրծեց և մոտեցավ Հալաբյանին։

— Ինչի՞ մասին եք այդպես տաք-տաք խոսում,— հարցրեց նա պարզ։

— Խոսում ենք Ռուբենի արտասահման գնալու մասին,— պատասխանեց Հալաբյանը,— այժմյան երիտասարդները շատ ագահ են, ինչքան գիտություն են ստանում, չեն կշտանում։