Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա աչքի առջև պատկերացավ մի լուսավոր ապագա, դեպի ուր վճռել է և պետք է դիմե յուր ամբողջ կյանքի ընթացքում։ Անցան րոպեական տատանումները, կասկածները և նորից նա հետաքրքրվեց տեղական հասարակական կյանքով։ Նա հանդիպեց նույն սիրալիր ընդունելության, նույն հարգանքին, ինչ որ առաջ։ Կրկին նրան շրջապատեցին այն մարդիկ, որոնց մտքի և սրտի վրա նա ազդեցություն էր ունեցել։ Ոչ ոք կասկածանքով չէր վերաբերվում դեպի նա։ Երևի, կամ նրա մասին տարածված լուրը չէր հասել յուր հայրենի քաղաքը կամ հասել էր, և ոչ ոք նշանակություն չէր տալիս նրան։

Օրերը անցնում էին օրերի հետևից, և նա դեռ չէր մտածում Թիֆլիս վերադառնալու մասին։ Այն զգացումները, որ այնքան տանջում էին նրան, այժմ մեղմացել էին և ճնշող ներգործություն չէին անում նրա վրա։ Առավոտները նա զարթնում էր վաղ, զբոսնում էր պարտեզում, խաղում էր յուր քրոջ զավակների հետ, ապա փակվում էր յուր սենյակում և երկար ժամանակ պարապվում։

Երբեմն միայն առանձնության մեջ նրա սրտում բարձրանում էր մի թեթև փոթորիկ։ Նա հիշում էր յուր անցյալի ամենածանր րոպեները և ամենից պարզ ու որոշ պատկերանում էր այն վերջին երեկոն, երբ նա խորհել էր ինքնասպանության մասին։ Ոչ, ոչ, այլևս նա այդչափ չի հուսահատվիլ, այդ րոպեները անցան, գնացին անդառնալի։ Այժմ նա բժշկվել է և եթե ոչ բոլորովին, շուտով, շուտով կբժշկվի։

«Ես զգում եմ, որ իմ մեջ մի ինչ-որ փոփոխություն է կատարվում,— գրում էր նա Մսերյանին յուր վերջին նամակում,— թե ինչ կլինի վերջը — չգիտեմ։ Բայց հույս ունիմ, որ դու ինձ այլևս այնպես չես տեսնիլ, ինչպես էի մի ժամանակ… Անցյալ նամակումս ես գրել էի քեզ Հաբիգյանի մասին, այո՛, նա հազվագյուտ մարդ է։ Իմ մեջ հղացել է մի միտք — ձեզ երկուսիդ մոտեցնել միմյանց մի ընդհանուր գործով։ Այսպիսի մի գործ կա, և ես հույս ունիմ դու հանձն կառնես նրան ծառայելու։ Բայց առայժմ քեզ ոչինչ չեմ գրիլ այս մասին, շուտով անձամբ կտեսնվենք և կխոսենք… Մի՛ կարծիր, որ այստեղ անգործ նստած եմ, երբեք ես այնպես