Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջարկության մասին։ Հետևե՞լ արդյոք նրա խորհրդին, թողնե՞լ գործունեության այժմյան եղանակը, կտրե՞լ բոլոր կապերը մոտիկ անցյալի հետ և ընտրել նոր ասպարեզ։

Նա տատանվում էր, կասկածում, թե կարող է ավելի օգտավետ լինել այդ ասպարեզում։ Կար մի կետ, որ նրա առջև ներկայանում էր ինչպես մի մեծ խոչընդոտ. յուր սրտի մեջ նա չէր գտնում բավականաչափ սեր դեպի գավառական կյանքը։ Նա զգում էր, որ ոչ մի նպատակ չի կարող իրան երկար ժամանակ պահել մի շրջանում, ուր չէր տեսնում մտքի պատերազմի համար քիչ թե շատ ընդարձակ ասպարեզ։ Ոչ, ոչ, նա յուր մեջ չի գտնում խաղաղ, անխռով գործունեության ձգտում, նա ծարավ էր հասարակական կռվի: Նա չէ կարող շնչել և ապրել առանց հավասար թշնամիների։

«Ավելի լավ է միշտ հալածվեմ, միայն թե կռվեմ այդ անշարժ հասարակության նախապաշարմունքների դեմ, քան թե թմրած կյանք վարեմ մի խուլ անկյունում։ Ի՞նչ կարող եմ անել գյուղական ժողովրդի համար. ճանապարհնե՞ր շինել, ջրե՞ր անցկացնել նրա հողերով, ուսումնարաննե՞ր բաց անել։ Այդ բոլորը լավ գործեր են, մեծ գործեր են, բայց ինձ համար չեն։ Հաբիգյանը ավելի հաջող կարող է կատարել այդ գործերը, քան թե ես, որովհետև նա ավելի սերտ կապերով է կապված գյուղական ամբոխի հետ…»։

Եվ միթե նա ա՞յդ գաղափարն էր փայփայել տարիների ընթացքում։ Մի՞թե երբևէ երևակայել էր, թե յուր կյանքը պետք է դնի մի նեղ շրջանակի մեջ։

«Ներքևից սկսել, ինչպես ասում էր Մսերյանը և ինչպես կրկնում է այսօր Հաբիգյանը։ Իսկ եթե ես այդպիսի ձգտում չունե՞մ, միթե կեղծե՞մ, ստե՞մ, և սկսեմ գործել հակառակ իմ զգացումների։ Ոչ, չեմ ուզում, չեմ կարող։ Թող դա լինի անհամեստություն, բայց ես իմ մեջ զգում եմ «վերևից» ազդելու ուժ։ Այո՛, ես չեմ կարող հասարակ գործիք լինել, բայց կարող եմ գործիքներ պատրաստել։ Ես այդ կապացուցանեմ և ընդունակ եմ ապացուցանելու։ Չէ՞ որ եթե մի կողմից ինձ հալածում են, մյուս կողմից կան մարդիկ, որ ինձ հավատում են, որոնց վրա ես ազդեցություն եմ արել…»:

Դարձյալ նրա միտքը պարզվեց, սիրտը գրգռվեց։ Դարձյալ