այժմյան դրության մեջ։ Բայց այդ արդեն իմ և Ամբակում Աֆանասևիչի գործն է. մենք վճռել ենք նրան մի կերպ գոհացնել։
Երկար խորհրդակցելուց հետո, վճռեցին այսպես անել. Վեքիլյանը հենց այսօր ևեթ Բարաթյանին կլուբում հասարակ կերպով կծանոթացնի այրիի փաստաբանի հետ։ Բարաթյանը խոսք բաց կանի ապագա դատի մասին, իհարկե, զգուշությամբ, որ փաստաբանին չխրտնեցնի։ Իբրև հոգաբարձու նա իրավունք ունի պաշտպանել Ներսեսյան դպրոցի շահերը, որովհետև եթե կտակը քանդվի, դպրոցն էլ կզրկվի յուր մասից։ Այսպիսով, նա փաստաբանին կներկայանա ինչպես մի հիմնարկության շահերի պաշտպան, և ինքնըստինքյան ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ։
Այդ օրից սկսած Բարաթյանը հանգստություն չուներ: Նա մոռացավ ամեն ինչ և սկսեց հետամուտ լինել, որ մի կերպ խայտառակ դատի առաջն առնի։ Չնայելով, որ արդեն լրացել էր յուր որոշած ժամանակամիջոցը, նա դեռ չէր մտածում երեխաներին բերել տալ Գայանեի մոտից։ Այնինչ ամառվա շոգերը վրա էին հասել, հարկավոր էր երեխաներին ամառանոց ուղարկել։
Տիկին Սալամբեկյանը յուր սանիկներին արձակուրդ էր տվել։ Մնում էին նրա մոտ միայն մի քանի գիշերօթիկներ, որոնց ծնողներն օտար քաղաքներումն էին։ Նա խնդրում էր Գայանեին վերցնել երեխաներին և նրա հետ միասին տեղափոխվել մոտակա գյուղերից մեկը, ուր նա ամառանոց էր վարձել։ Բայց Գայանեն դեռ չէր վստահանում այդ անելու։ Օր-օրի վրա նա սպասում էր, թե ահա ներս կմտնի Բարաթյանի ծառան և կպահանջի երեխաներին։ Սարսափով, այո, կատարյալ սարսափով նա երևակայում էր այն րոպեն, երբ նա ստիպված պետք է լիներ բաժանվել նրանցից։ Մի ամսվա ընթացքում նա այնպես ընտելացել էր յուր զավակների ներկայությանը, որ դժվարանում էր հավատալ, թե կարող է մի օր անգամ առանց նրանց ապրել։
Երկդիմի վիճակը օրեցօր ազդելով, դարձրել էր նրան նյարդային, անհամբեր. ամեն անգամ երբ նայում էր երեխաների անմեղ աչքերին, հիշում էր նրանց դրությունը,